ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանից հեռանալիս զբոսաշրջիկը կարող է հենց օդանավակայանում որոշակի գումար ստանալ մաքսային ծառայողից։ ԱԱՀ–ի վերադարձը զբոսաշրջիկներին 2018թ–ի հունվարի 1-ից կարող է իրականացվել նաև առձեռն տարբերակով։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետ Արման Պողոսյանը։
Բացի այդ այս արտոնությունից օգտվելու համար 2 անգամ նվազեցվել է նաև գնումների նվազագույն սահմանաչափը։ Եթե նախկինում ԱԱՀ–ից ազատ գնումների իրավունք էին ստանում օրական առնվազն 100 000 –ի չափով գնումներ իրականացրած զբոսաշրջիկները, ապա հունվարի 1-ից նման իրավունք կստանան օրական նվազագույնը 50 000 ծախսողները։
«Զբոսաշրջիկը երկրից դուրս գալիս մաքսավորին ներկայացնում է համապատասխան գնումների կտրոնները։ Մաքսային տեսուչն իրավունք ունի կասկածի դեպքում նաև ստուգել այդ ապրանքների առկայությունը և պարզել` դրանք իրոք նո՞ր են, թե՞ ոչ, որպեսզի օգտագործված ապրանքները նորի անվան տակ չարտահանվեն, և չարաշահումներ չլինեն»,– ասաց Պողոսյանը։
Սահմանը հատելիս ԱԱՀ վերադարձի գումարը զբոսաշրջիկը կարող է ստանալ ինչպես առձեռն, այնպես էլ փոխանցման կարգով` իր նախանշած բանկային հաշվեհամարին։
Նշենք, որ գումարը ՀՀ–ում հաշվարկվում և վերադարձվում է բացառապես ՀՀ դրամով։