ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունը միտված է թուլացնել Հայաստանի կապերն այդ կառույցի անդամ երկրների հետ, կարծում է ՀՀ նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։
«Հայաստանը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի մեջ այլ պետություն է, այդ կառույցներից դուրս` մեկ այլ պետություն,- ասում է Հարությունյանը։- Երբ խոսում են այն մասին, թե ինչ է տալիս մեզ ԵԱՏՄ-ն, պետք է պարզապես նայել Վրաստանին ու Ուկրաինային, որոնք ստորագրել են ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, և տեսեք, թե հիմա ինչ վիճակում են, և ինչ վիճակում ենք մենք»։
Ինչ վերաբերում է տնտեսական ցուցանիշներին, Վաղարշակ Հարությունյանը մատնանշում է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման և նոր էներգաբլոկի կառուցման խնդիրը, որը ՀՀ-ի` ԵԱՏՄ-ին միանալուց հետո իր վրա վերցրեց Ռուսաստանը։
Նախկին նախարարը համեմատեց նաև Հայաստանում և Վրաստանում գործող բենզինի գները` հավելելով, որ Վրաստանը բենզին է ստանում Ադրբեջանից, ունի նավթավերամշակման գործարան, Վրաստանի տարածքով է անցնում նաև Ղազախստանի նավթը, և, այդուհանդերձ, Հայաստանում այն ավելի էժան է։