ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Oրեր առաջ Ռուսաստանի Դաշնությունում հանցագործություն կատարելու կասկածանքով բռնվել է Երևան քաղաքի Ռոստոմյան փողոցի բնակիչ 34-ամյա Վարդան Եղիազարյանը, որը Հայաստանում ավելի շատ հայտնի է «Ռաբիս երգիչ Վարդանիկ» անունով։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Եղիազարյանի նկատմամբ այս տարվա հուլիսի 6-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու համար հայտարարվել է հետախուզում։
Ըստ կայքի` Հայաստանի և Ռուսաստանի իրավապահները համատեղ գործողություններ են կատարում, որպեսզի Վարդանիկին արտահանձնեն Հայաստան։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 30-ին ՍԱՍ սուպերմարկետում մի տղամարդ դանակի սպառնալիքով դրամարկղից հափշտակել է խոշոր չափի կանխիկ գումար՝ 600 հազար դրամ, ապա դիմել փախուստի: Ավելի ուշ պարզվել էր, որ ենթադրյալ հանցագործը ՎԱրդան Եղիազարյանն է` ռաբիս երգիչ Վարդանիկը։