Ոչ միայն Մասիսում, այլև հայաստանյան այլ գյուղերում ևս կոյուղաջրերով հողատարածքները ոռոգելու պրակտիկան գյուղնախարարին չի զարմացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադառնալով խնդրին, նախարար Իգնատի Առաքելյանը նշեց. «Շատ մարզերում կոյուղագծեր չկան, և կոյուղին ամբողջությամբ լցվում է գետը, հետո օգտագործվում ոռոգման նպատակով»։
Ինչ վերաբերում է Մասիսում օրեր առաջ բացահայտված իրավիճակին, Իգնատի Առաքելյանը հայտնեց, որ գյուղատնտեսության մասնագետները ևս ահազանգից հետո մեկնել են դեպքի վայր` ուսումնասիրություններ իրականացնելու։
«Խումբը երբ ավարտի իր գործը, հայտարարություն կանի»,– ասաց նախարարը։
Մասիսում տարածված գարշահոտության պատճառն իմանալու նպատակով այնտեղ մեկնած բնապահպանության և ընդերքի տեսչության մասնագտները պարզել էին, որ գյուղացիները ջուր չլինելու պատճառով իրենց այգիները ոռոգել են կոյուղաջրով` ջարդելով կոյուղատար խողովակներն ու ջուրն ուղղելով դեպի իրենց հողամասեր։