ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 23.10-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Նորամարգ գյուղի վերջնամասում կրակոցի ձայներ են լսվում: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Մեկնած օպերատիվ խումը պարզել է, որ ժամը 22.50-ի սահմաններում, նշված քաղաքացին, ձայներ լսելով, դուրս է եկել տնից և նկատել երեք երիտասարդների, որոնցից մեկի ձեռքին որսորդական հրացան է եղել, քաղաքացին դիտողություն է արել վերջինիս իր տան մոտակայքում որս կատարելու համար և ի պատասխան ՝ սպառնալիքներ ստացել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ սպառնալիքներ հնչեցնողը 1990 թ. ծնված Ա. Գ.-ն է, որը ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:
Shamshyan.com-ը դեպքի վերաբերյալ մանրամասներ է ներկայացնում։ Ըստ կայքի` Նորամարգ գյուղի Ազատության փողոցի բնակիչ, 46-ամյա Տիգրան Հովհաննիսյանի տան ուղղությամբ գյուղի վերջնամասում ջրահեռացման խողովակի մյուս կողմից կրակել են:
Հովհաննիսյանն իր տնից մոտ 50 մետր հեռավորության վրա կրակոցի ձայները լսելով՝ դուրս է եկել ու տեսել է, որ մի քանի երիտասարդներ, որոնցից մեկի ձեռքին որսորդական հրացան է եղել, կրակում են: Նա դիտողություն է արել երիտասարդներին` ասելով, որ իր տան մոտ որսի տարածք չէ և չկրակեն:
Սակայն երիտասարդներից Գոքորի տղա Արմենը վիճաբանել է Հովհաննիսյանի հետ, այնուհետև սպառնացել, որ կսպանի նրան ու դին կգցի ջրատարը:
Կայքի տեղեկություններով՝ Գոքորի տղա Արմենը Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակիչ, 27-ամյա Արմեն Գրիգորի Գևորգյանն է, որն աշխատում է «Հրաշք այգի» ՍՊԸ-ի տնօրեն, իսկ նրան ընկերական շրջապատում ճանաչում են Գոքորի Արմեն: Գոքորն էլ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդն է: