ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ «Յանդեքս» ծրագրավորման դպրոցի պաշտոնական բացումը: Այն «Յանդեքս» ընկերության և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի համատեղ նախագիծն է 9-11-րդ դասարանների աշակերտների համար: Նմանատիպ ծրագրավորման դպրոցներ գործում են Ռուսաստանում ու արդեն նաև Ղազախստանում ու Հայաստանում, բայց Հայաստանը կարելի է առաջատար համարել, որովհետև հանրապետությունում սա արդեն երկրորդ «Յանդեքս» ծրագրավորման դպրոցն է: Հայ երեխաների համար դասընթացը մատչելի դարձնելու համար դրանք անցկացվում են հայերեն, իսկ դպրոցում դասավանդում են տեղի մասնագետները:
Վանաձորի նմանատիպ դպրոցը մի քանի ամիս առաջ է բացվել, բայց հաջողություններն արդեն ակնհայտ են՝ երեխաները կարողանում են սեփական ծրագրերը ներկայացնել: «Մեկ կիսամյակ հաճախում եմ Յանդեքս դպրոց ու արդեն կարողանում եմ ինքնուրույն ծրագրեր գրել, որոնք օգտագործում ենք տարբեր ծրագրերում: Այս դպրոցը տալիս է այն, ինչը չի տրվում բուհում՝ ավելի գործնական ու կիրառական մեծ փորձ», — ասաց դպրոցի բացման առթիվ Վանաձորից Գյումրի ժամանած Վանաձորի «Յանդեքս» ծրագրավորման դպրոցի սան Արևիկ Առուշանյանը՝ փաստելով, որ ծրագրավորող դառնալու ցանկությունն այս դասընթացների շնորհիվ ավելի է խորացել:
Ինչպես տեղեկացրեց «Յանդեքսի» Ակադեմիական ծրագրերի կառավարման ղեկավար Սերգեյ Չերնիշովը, դպրոցում ուսում ստանալու հայտ էր ներկայացրել 99 աշակերտ։ Թեստավորման և հարցազրույցի արդյունքում ընտրվել 27 աշակերտ, որոնք մասնակցելու են ծրագրավորման յոթնամսյա անվճար դասընթացներին: Աշակերտներն այս ընթացքում կծանոթանան ծրագրավորման հիմունքների Python լեզվին: «Այս լեզվի ընտրությունն հատուկ է արված՝ լայն տարածում ունեցող և արագ զարգացող լեզու է, որն օգտագործում են մի շարք ծառայություններ այդ թվում՝ ՅանդեքսՏաքսին, Յութուբը, Ֆեյսբուքը, Ինստրագրամը և այլն»-նշեց Սերգեյ Չերնիշովը:
«Սա հատուկ է արված. մեծ քաղաքներում երեխաների հնարավորություններն ավելի մեծ են այդ պատճառով որոշում ընդունվեց դպրոցներ ունենալ Վանաձորում և Գյումրիում: Վանաձորում մի քանի ամիս անց արդեն երեխաները կարողանում են հաջողությամբ իրենց ծրագրերը ստեղծել: Հուսանք` Գյումրիում ևս հաջողություններ կգրանցվեն»,-փաստեց «ՅանդեքսՏաքսի» ընկերության միջազգային զարգացման ծառայության ղեկավար Մուշեղ Սահակյանը:
Ի դեպ, Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնը կարող է լավագույն բազա հանդիսանալ այս դասընթացների շրջանավարտների համար՝ կենտրոնում գործող ՏՏ ընկերությունները դրա հնարավորությունն ունեն:
Գյումրու թիվ 1 վարժարանի սան Աստղիկ Գրիգորյանը մասնակցելու է այս դասընթացներին. թեստավորման ու հարցազրույցի արդյունքները լավն էին, և Աստղիկը դարձել է Գյումրու «Յանդեքս» ծրագրավորման դպրոցի սան։ Ուրախությունն անսահման է՝ աղջիկը սա գերազանց հնարավորություն է համարում իր երազած ապագայի մասնագիտությանը հասնելու համար:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական վարչության պետ Վաչե Կիրակոսյանը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ևս շնորհավորեցին բոլորին կրթական նոր մեկնարկի առթիվ՝ հույս հայտնելով, որ Գյումրիում ևս հաջողությունները շատ արագ կգրանցվեն:
Ռուսաստանում «Յանդեքս» ընկերությունը համագործակցում է դպրոցների և բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ, ինչպես նաև զարգացնում է լրացուցիչ կրթական տարբեր ծրագրեր: