ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Գերմանիայի ֆուտբոլի հավաքականն աշխարհի 2018 թվականի ընտրական մրցաշարի վերջին խաղում տոնեց խոշոր հաշվով հերթական հաղթանակը`սեփական հարկի տակ առավելության հասնելով Ադրբեջանի ընտրանու նկատմամբ:
Նախօրեին կայացած հանդիպումն ավարտվեց 5:1 հաշվով` Ադրբեջանի ջախջախիչ պարտությամբ։
Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը յուրահատուկ ռեկորդ սահմանեց աշխարհի 2018 թվականի ընտրական մրցաշարում՝ տասը խաղում տոնելով նույնքան հաղթանակ:
Ադրբեջանի հավաքականը միայն առաջին խաղակեսում կարողացավ դիմադրություն ցույց տալ կարգով ու տիտղոսներով անհամեմատ ուժեղ մրցակցի հետ խաղում: Հանդիպման 9-րդ րոպեին Լեոն Գորեցկան կրունկի հարվածով բացեց խաղի հաշիվը, իսկ մինչև ընդմիջում հայտարարելը հյուրերը կարողացան խփել պատասխան գնդակը: Երկրորդ խաղակեսում Յոախիմ Լյովի թիմն արդեն խաղադաշտում անում էր այն, ինչ ուզում էր։
Գերմանական մեքենան այս անգամ էլ չխնայեց իր մրցակցին: Հաշվի առնելով, թե ինչպիսի կազմով էր խաղում Գերմանիայի ընտրանին, կարելի է անմիջապես եզրակացնել, որ Ռուսաստանում կայանալիք Աշխարհի առաջնությունում գերմանացիները հաղթողի հիմնական հավակնորդներից մեկն են լինելու:
Ադրբեջանի հավաքականի հետ խաղում Գերմանիայի հավաքականը յուրահատուկ ևս մեկ ռեկորդ սահմանեց: Թիմի կազմում ընտրական մրցաշարում գոլի հեղինակ դարձան 21 տարբեր ֆուտբոլիստներ և արդյունավետության տեսանկյունից Լյովի թիմը պարզապես անկրկնելի է՝ 43 խփած գնդակ:
Ընտրական մրցաշարում Գերմանիայի հավաքականը բացարձակ հաղթանակը (10 խաղ, 10 հաղթանակ) կարող է կրկնել Շվեյցարիայի ընտրանին, որն անցկացրել է ինը հանդիպում և տոնել նույնքան հաղթանակ: Շվեյցարիայի հավաքականը վաղը՝ հոկտեմբերի 10-ին, մրցակցի հարկի տակ խաղալու է Պորտուգալիայի հավաքականի հետ: