ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հոլիվուդյան դերասան Ջոն Մալկովիչի հետ աշխատելը մեծ երջանկություն է ու հսկայական փորձ, ասում է դաշնակահարուհի Անաստասիա Տերենկովան։
Նա Հայաստան է եկել Մալկովիչի հետ` Արամ Խաչատրյանի անվան միջազգային 5-րդ փառատոնին մասնակցելու համար։
«Ջոնի հետ աշխատելը մեծ հաճույք է, մարդկային, արտիստական, ստեղծագործական փորձ, կյանքի իսկական դպրոց։ Նա շատ ուշադիր է, միշտ հաշվի է առնում մյուսների կարծիքը»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Տերենկովան։
Նրա խոսքով` Մալկովիչը երբեք չի բավարարվում ձեռքբերածով, նա անվերջ փնտրտուքների մեջ է։
«Նրա հետ անչափ հետաքրքիր է։ Թե ինչպես է նա իրեն պահում, լինելով համաշխարհային մակարդակի աստղ, մեծ օրինակ է մյուսների համար։ Նրա հետ աշխատելը, նրա հետ ճանապարհորդելն ու նրա հետ առօրյա կյանքում շփվելը մեծ երջանկություն է»,- ասաց Տերենկովան։
Դաշնակահարուհին նշեց, որ շատ են սպասում երևանյան հանդիսատեի հետ հանդիպմանը։ Հայաստանում նրանք կներկայացնեն իրենց համատեղ նախագիծը։
«Հետաքրքիր է` ինչպես այն կընդունեն Հայաստանում։ Կարծում եմ` Ալֆրեդ Շնիտկեն ծանոթ է հայ երաժիշտներին։ Մենք անսովոր մի բան ենք առաջարկում»,- ասաց Տերենկովան։
Դաշնակահարուհին առաջին անգամ է Հայաստանում։ Նա խոստովանում է, որ միշտ ցանկացել է տեսնել քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիրը, որը հյուրընկալ երկրի համբավ ունի ամբողջ աշխարհում։ Տերենկովան նաև շատ է լսել Հայաստանի մշակութային կոթողների ու տեսարժան վայրերի մասին։ Հույս ունի, որ մեր երկրում անցկացրած չորս օրվա ընթացքում կհասցնի տեսնել դրանց մեծ մասը։
Հոկտեմբերի 11-ին Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչի մասնակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կմեկնարկի Խաչատրյանի միջազգային 5-րդ փառատոնը։
Նա դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։
Մալկովիչը կներկայացնի հատված Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելից՝ 20-րդ դարի 2-րդ կեսի ամենանշանավոր կոմպոզիտորներից մեկի՝ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ։ Որպես մենակատար հանդես կգա ճանաչված դաշնակահարուհի Անաստասիա Տերենկովան։
Համերգային ծրագիրն ունենալու է հետաքրքիր ձևաչափ՝ միաձուլելով երաժշտությունը, գրականությունը, ասմունքն ու մեծ դերասանի կատարողական վարպետությունը։