ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հոլիվուդյան աստղ Ջոն Մալկովիչը Երևան ժամանեց տիկնոջ՝ Նիկոլետա Փեյրանի ու դաշնակահարուհի Անաստասիա Տերենկովայի հետ:
Մալկովիչը Երևանում մասնակցելու է Արամ Խաչատրյանի անվան միջազգային հինգերորդ փառատոնի բացման արարողությանը:
«Համերգից մեծ սպասումներ ունեմ. լավ համերգ է լինելու: Հայաստանը հրաշալի երկիր է,- օդանավակայանում Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց նա:
Հոլիվուդյան աստղը հարցերին լակոնիկ պատասխաններ էր տալիս, և «ո՞րն է կյանքի կրեդոն» հարցին էլ հակիրճ պատասխանեց. «Շատ բարդ հարց է»:
Այնուհետև նա ստացավ բեռներն ու կազմակերպիչների ուղեկցությամբ ուղևորվեց հյուրանոց:
Հյուրանոցի նախասրահում Մալկովիչն ու Սմբատյանը մի քանի բառ փոխանակեցին այսօր կայանալիք ասուլիսի վերաբերյալ և բաժանվեցին: Մալկովիչի հայաստանյան գրաֆիկը խիտ է լինելու: Հյուրերը մեծ շրջայց են կատարելու Հայաստանի տեսարժան վայրերով:
Հոկտեմբերի 11-ին Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչի մասնակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կմեկնարկի Խաչատրյանի միջազգային 5-րդ փառատոնը։
Նա դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։
Մալկովիչը կներկայացնի հատված Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելից՝ 20-րդ դարի 2-րդ կեսի ամենանշանավոր կոմպոզիտորներից մեկի՝ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ։ Որպես մենակատար հանդես կգա ճանաչված դաշնակահարուհի Անաստասիա Տերենկովան։
Համերգային ծրագիրն ունենալու է հետաքրքիր ձևաչափ՝ միաձուլելով երաժշտությունը, գրականությունը, ասմունքն ու մեծ դերասանի կատարողական վարպետությունը։