ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ անցած շաբաթ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կռվին՝ այն որակելով «մի ահելի և մի ջահելի պատմություն»։
ՀՅԴ խմբակցության կարծիքով, ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի և Արտաշես Գեղամյանի միջև տեղի ունեցած միջադեպը շաբաթվա «չիրադարձությունն» էր։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասա խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։
«Նման միջադեպերը խորհրդարանում դատապարտելի են, բայց և ցավալի։ Սա մի ահելի և մի ջահելի պատմություն է, և ես չէի ուզի, որ նրանք իրար նմանվեին ու այսքան կանխատեսելի դառնային»,- ասաց Վարդանյանը։
ՀՅԴ ներկայացուցիչը նաև դժգոհություն հայտնեց այս միջադեպի նկատմամբ մամուլի չափազանց մեծ ուշադրությունից։
Հիշեցնենք` հոկտեմբերի 5-ին «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԱԺ միջանցքում Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվել է իր վրա։ «Հաջողությամբ պաշտպանվեցի։ Մի երկու անգամ էլ կոշիկներս փայլեցրի իրենով»,- ասել էր Փաշինյանը։ «Ելքը» տեղի ունեցածի հարցով դիմել է ԱԺ էթիկայի հանձնաժողով։