ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի — Sputnik. Ցեղասպանությունների կանխարգելման մասին բանաձևի ընդունմանն աջակցող ԱՄՆ կոնգրեսականների թիվն այս շաբաթ հասել է 100-ի՝ ազդարարելով Հայոց ցեղասպանության դասերը Միջին Արևելքում և աշխարհում ապագա ոճրագործությունները կանխելու համար օգտագործելու մասին օրենքի ընդունման նկատմամբ աճող աջակցությունը: Այդ մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:
«Մենք ուրախ ենք տեսնել 220-րդ բանաձևի ընդունման նկատմամբ աճող աջակցությունը և այն փաստը, որ երկու կուսակցություններից էլ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի բարձրաստիճան առաջնորդները նախկինում բազմիցս պաշտպանել են Հայոց ցեղասպանության հիշատակումն ԱՄՆ-ի կողմից՝ սկսած խոսնակ Փոլ Ռայանից և մեծամասնության առաջնորդ Քևին Մաքքարթիից մինչև դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսի, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյս ու հանձնաժողովի անդամ Էլիոթ Էնգել»,- ասել է Հայ դատի ամերիկյան հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ հավելելով, որ սպասում են բանաձևի հեղինակների շարունակական ջանքերի աջակցությանը՝ Կոնգրեսում դրա ընդունումը երաշխավորելու համար:
Բանաձևի հեղինակներն ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամներ Դևիդ Թրոթն ու Ադամ Շիֆն են: Այն շեշտում է, որ «Հայոց ցեղասպանության պատշաճ հիշատակումը և հետևողական դատապարտումը կուժեղացնի ժամանակակից ցեղասպանությունների կանխարգելման հարցում ԱՄՆ միջազգային դիրքորոշումը»:
1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1,5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը՝ 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։ ԱՄՆ 52 նահանգից 45-ը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։