ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի Ազգային ժողովն այսօր` հոկտեմբերի 6-ին, վավերացրեց Ռուսաստանից Հայաստան մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի նկատմամբ հսկողություն իրականացնելու մասին համաձայնագիրը։
Համաձայնագիրը խորհրդարանում ներկայացնող պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը շեշտել է, որ նման ընթացակարգը ընդունված է միջազգային պրակտիկայում։
«Շատ երկրներ երկկողմ, բազմակողմ ձևաչափերով միմյանց հետ աշխատելիս այս պրակտիկան լայնորեն կիրառում են: Մեր պարագայում Ռուսաստանի Դաշնության հետ այս համաձայնագիրն առաջացել է, որովհետև մենք վերջին շրջանում շատ ավելի լայն ծավալի և մեծ ծավալի զենք և զինամթերք ենք սկսել ձեռք բերել»,-ասել է Զաքարյանը:
Հայաստանի խորհրդարանը 80 կողմ և 7 դեմ ձայներով վավերացրեց «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 2013 թվականի հունիսի 25-ի՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացման կարգի մասին» համաձայնագիրը:
2016 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված համաձայնագրում նշված է` այն կողմը, որի տարածք մատակարարվում է ռազմական նշանակության արտադրանքը, անհրաժեշտ պայմաններ պետք է տրամադրի մատակարարող կողմին՝ վերջինիս կողմից հսկողության իրականացման համար: Հսկողության առարկա է հանդիսանում պայմանագրի շրջանակներում մատակարարված ռազմական նշանակության արտադրանքը: Այն կողմի լիազորված մարմինը, որի տարածք մատակարարվում է ռազմական նշանակության արտադրանքը, իրավունք չունի հրաժարվելու հսկողության խմբին ընդունելուց», —ասված է համաձայնագրում։
Նաև նշվում է, որ կողմը, որի տարածք մատակարարվում է ռազմական նշանակության արտադրանքը, պարտավոր է ներկայացնել հայտում նշված ռազմական նշանակության արտադրանքը, ինչպես նաև դրա նպատակային օգտագործումը հաստատող անհրաժեշտ փաստաթղթերը։