ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի — Sputnik. Հայկական ու ռուսական ընկերությունները համագործակցելու են նավիգացիոն գործունեության ոլորտում։ Երևանում Եվրասիական գործընկերության 2-րդ համաժողովի ընթացքում համապատասխան համաձայնագիրը ռուսական կողմից ստորագրել են «ԳԼՕՆԱՍՍ» ՍՊԸ-ն ու «Պրոգրես» միկրոէլեկտրոնային սարքավորումների գիտահետազոտական ինստիտուտը, իսկ հայկական կողմից` «Ինժինիրինգ» ՍՊԸ-ն։
«Կողմերը նախատեսում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործարկել մի ենթակառուցվածք, որը կապահովի սարքերի ու արագ արձագանքման ծառայությունների կանչման համակարգի աշխատանքը։ Դրանք նույն գործողությունները կկատարեն, ինչ «ԷՌԱ-ԳԼՕՆԱՍՍ» ռուսական համակարգը, ասվում է «ԳԼՕՆԱՍՍ» ԲԸ-ի հաղորդագրության մեջ։
Ստորագրության արարողությանը ներկա էին Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն ու Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը։
«Մենք պատրաստ ենք օգնել «ԷՌԱ — ԳԼՕՆԱՍՍ»-ի պես համակարգերի կառուցման հարցում։ Դրանք թույլ են տալիս նվազեցնել մահացությունը ճանապարհների վրա ու վերահսկել փոխադրումների արդյունավետությունը», — ասել է «ԳԼՕՆԱՍՍ» ՍՊԸ-ի տնօրեն Անդրեյ Ժերեգելյան։
Համաձայնագիրը ենթադրում է, որ գիտական հետազոտություններ ու մշակումներ կանցկացվեն նավիգացիոն-տեղեկատվական տեխնոլոգիաների ստեղծման ոլորտում` Հայաստանում ստեղծվող ենթակառուցվածքի հիման վրա։