ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանում կկառուցվի «ապագայի» հիվանդանոց: Այս նախագծի մասին այսօր հայտարարվեց Երևանում անցկացվող եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի շրջանակներում ընթացող «Բժշկական արդյունաբերություն և արտադրական ինտեգրացիա Եվրասիական տարածքում» լիագումար նիստի ընթացքում:
Ներկայացնելով ապագայի հիվանդանոցի գաղափարը՝ դրա հեղինակներից Զավեն Կոլոյանը նշեց, որ հիվանդանոցը կառուցվելու է Երևանից դուրս` Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի վրա: Տեղի ընտրությունը կատարելիս`նախագծի հեղինակները հաշվի են առել հայ-իրանական և հայ- վրացական սահմաններից դեպի հիվանդանոց տանող ենթակառուցվածքների առկայությունը, ինչպես նաև Երևանի և Գյումրիի օդանավակայաններից ոչ մեծ հեռավորության վրա գտնվելը:
«Կոնկրետ տեղն ընտրված չէ, պետք է ընդհանուր քննարկումների արդյունքում որոշվի, բայց նախապատվությունը մենք, հավանաբար, կտանք Մարալիկի տարածքին, քանի որ այնտեղ հեշտ է հասնել թե՛ Գյումրիի օդանավակայանից, թե՛ Երևանից և թե՛ Վրաստանից»,- ասաց Կոլոյանը:
Նախագծի իրականացման ժամկետները ևս անորոշ են: Գաղափարը դեռ պետք է վերածվի ծրագրի, նախագծի և միայն դրանից հետո հնարավոր կլինի խոսել ժամկետների մասին, նշում են հեղինակները: Ի դեպ, ծրագրի հեղինակները Հայաստանի առողջապահությունն իրականացնող կազմակերպություններն ու անհատներն են, ովքեր այսօր ներկայացնում են իրենց գաղափարը՝ ակնկալելով գործընկեր-ներդրողների արձագանքը:
Հիվանդանոցի կառուցման համար հայաստանյան կողմը նախատեսում է տեղական և արտասահմանյան ներդրումներ ներգրավել՝ ընդ որում ինչպես մասնավոր ընկերությունների, այնպես էլ արտասահմանյան հայտնի բժիշկների կողմից: Հիվանդանոցը հիմնականում իրականացնելու է արտասահմանում մեծ պահանջարկ ունեցող տեղական առողջապահական ծառայություններ` ատամնաբուժական, սիրտ-անոթային, պլաստիկ վիրաբուժության և այլ բնագավառներում:
«Ապագայի» հիվանդանոցը, ծրագրի հեղինակների համոզմամբ, ծառայելու է նաև Հայաստանում առողջապահական տուրիզմի զարգացմանը: Նիստին ներկա Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ Հայաստանն արդեն իսկ կայուն տեղ ունի համաշխարհային առողջապահական բնագավառում, բայց ունի նաև զարգացման և ընդլայնման մեծ պոտենցիալ:
«Մենք խնդիր ունենք մեր երկիրը լավագույն կողմից ներկայացնելու, իսկ դա հնարավոր է, որովհետև մենք ունենք բանիմաց բժիշկներ, շատ լավ եվրոպական չափանիշներին համապատասխանող բժշկական կենտրոններ, ստեղծված ավանդույթներ և դպրոցներ, ինչպես ատամնաբուժության և պլաստիկ վիրաբուժության, այնպես էլ սրտի վիրահատությունների բնագավառում»,- ասաց Ալթունյանը:
Մեր հարցին, թե որքան է այսօր առողջապահական տուրիզմի տարեկան շրջանառությունն ու ներհոսքը, Լևոն Ալթունյանը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ հստակ պաշտոնական վիճակագրություն չկա:
«Սուրբ Գրիգոր լուսավորիչ» ԲԿ ղեկավար Արա Մինասյանը հայտնեց, որ իր ղեկավարած հիվանդանոցն արտասահմանից տարեկան ավելի քան 200 այցելու է սպասարկում: «Տարեկան 200 ոչ հայ հիվանդ ենք ունենում, չհաշված ԵԱՏՄ տարածքից Հայաստան ժամանող մեր հայրենակիցներին»,- ասաց Մինասյանը:
Առողջապահական տուրիզմի զարգացման անհրաժեշտությունից բացի Արա Մինասյանը կարևորում է նաև բժշկական պարագաների տեղական արտադրության խթանումը:
«Ի վերջո մենք մի օր պետք է բժշկական թեկուզ հասարակ պարագաների արտադրություն ունենանք մեզ մոտ, իսկ շուկան արդեն կա՝ դա ԵԱՏՄ-ն է»,- ասաց Մինասյանը:
Ի դեպ, պաշտոնական տվյալներով, Հայաստանն այսօր օգտվում է հիմնականում չինական արտադրության պարագաներից, որոշ քանակությամբ ապրանքներ էլ ձեռք են բերվում ԵԱՏՄ տարբեր երկրների արտադրողներից: