ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. 2017 թվականի հունվարի 10-ին որոշվեց, որ «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաներն իրենց ուսումը պետք է շարունակեն պաշտպանության նախարարության` Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։ «Փոքր Մհեր» կրթահամալիրի 10 նախկին ուսուցիչներ դիմել են դատարան և պահանջում են, որ իրենց վերականգնեն աշխատանքում։ Այս մասին հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Մեզ հայտնի դարձավ, որ 2017 թվականի հուլիսի 2-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է դիմել Քնարիկ Նազլուխյանը` պահանջելով, որ դատարանը միջամտության արդյունքում վերականգնի իր աշխատանքը «Փոքր Մհեր» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի իրավահաջորդ «Նուբարաշենի մարզառազմական մասնագիտացված դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում»,- գրում է թերթը։
Նույն պահանջով դիմել են նաև 9 այլ ուսուցիչներ։ Ավելի վաղ որոշում էր կայացվել, որ «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաներն իրենց ուսումը պետք է շարունակեն պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։ Ուսուցիչներին նախապես հայտնել էին, որ պետք է քննություն հանձնեին աշխատանքից չազատվելու համար։ Քննությունը տեղի է ունեցել, մի շարք ուսուցիչներ չեն կարողացել լավ արդյունք ցույց տալ, ինչի հետևանքով ազատվել են աշխատանքից։