ԵՐԵՎԱՆ, 5 Հոկտեմբեր — Sputnik, Խաչիկ Չախոյան. Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի հերթական խաղում խայտառակ պարտություն կրեց` սեփական հարկի տակ զիջելով Լեհաստանի հավաքականին 1:6 հաշվով:
Աշխարհի առաջնության ընտրական հանդիպումը մեր ու Լեհաստանի հավաքականների միջև անհամեմատ կարևոր էր հյուրերի համար, քանի որ հաղթանակի դեպքում Ադամ Նավալկայի թիմը կարող էր ապահովել առաջին տեղը: Բայց մեր հավաքականն էլ կոնկրետ այս խաղին տրամադրվել էր արդյունքի հասնելու համար:
Կադրային լուրջ խնդիրների պայմաններում հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը ընտրել էր այն կազմը, որը գտել էր ճիշտ: Բայց, որ մեր ֆուտբոլիստները այդքան տարրական սխալներ թույլ կտան ու ինչ-որ տեղ էլ լեհերին կօգնեն հաղթանակի հասնելու համար, ոչ ոք չէր ծրագրել:
Զարմանալի կերպով ազգային հավաքականի ֆուտբոլիստները սխալվում էին այնպիսի իրավիճակներում, որ մեղմ ասած թույլատրելի չէր: Ռոբերտ Լևանդովսկու կարգի ֆուտբոլիստն էլ, իհարկե, պետք է պատժեր մեկը մյուսի հետևից: Փաստը մնում է այն, որ լեհերը մեզ մեր հարկի տակ ջախջախեցին: Տեղին է ասել՝ պարտվել էլ կա, պարտվել էլ: Մեր թիմն ամբողջ խաղի ընթացքում անօգնական վիճակում էր: Հերթական անգամ՝ ափսոս: