ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. «Սասնա ծռերի» գործով հերթական դատավարությունը այսօր` հոկտեմբերի 4-ին, դարձյալ մեկնարկեց անսպասելի հայտարարությամբ։ Եթե նախորդ նիստում դատավորը հայտարարել էր, որ որոշվել է 14 ամբաստանյալի վերաբերյալ դատական գործը բաժանել 2 առանձին վարույթի, ապա այսօր հայտարարեց, որ այն կվերախմբավորվի և կբաժանվի ոչ թե 2, այլ 3 վարույթի։
Այսպիսով, «Սասնա ծռերի» գործով դատավարություններն այսուհետև տեղի կունենան երեք դատական վարույթով` 4, 7 և 11 ամբաստանյալի մասնակցությամբ։
4 ամբաստանյալի դատավարությունը կշարունակի իրականացնել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատավոր Արտուշ Գաբրիելյանը, 7-ինը` Արթուր Օհանյանը։ Թե ում կմակագրվի երրորդ դատական գործը, պարզ կդառնա առաջիկա օրերին, երբ կհայտարարվեն դատական նիստերի օրերն ու վայրերը։
Իսկ մինչ այդ «Սասնա ծռերի» փաստաբաններն իրենց անհամաձայնությունն են հայտնում տեղի ունեցած հետ։
Փաստաբան Երվանդ Վարոսյանն այսօր դատական նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ գործի մասնատման նպատակը դրա առանձին մասերն այլ դատավորների հանձնելն է։
«Ես չեմ բացառում, որ գործերը նաև այլ դատարանների շենքերում կլինեն։ Այսինքն` փորձ է արվում հնարավորինս տարանջատել ու իրարից հեռու իրականացնել»,- ասաց Վարոսյանը։
Անդրադառնալով գործերի տարանջատման ու ամբաստանյալների բաժանման տրամաբանությանը` փաստաբանը նշեց. «Ենթադրում եմ, որ մտածել են, թե Արտուշ Գաբրիելյանն ավելի հեշտ որ մասը յոլա կտանի, ուրիշ սկզբունք չկա»:
Իսկ նույն գործը նույն ապացույցներով, նույն տուժողներով ու նույն վկաներով քննելուց արդարադատությունը, Վարոսյանի համոզմամբ, միայն տուժելու է։
«Պատկերացրեք` մի վկան գալիս է` առաջին դատարանում հարցաքննվելու, արդեն հարցերը տալիս են, նա տալիս է պատասխաններ, հետո պետք է գնա երկու տեղ էլ հարցաքննվի՝ արդեն իմանալով իրեն ինչ հարցեր են տալու»,- ասաց փաստաբանը:
Փաստաբան Նինա Կարապետյանն էլ որոշման ընդունումը պայմանավորում է դատարանի դահլիճ մուտք գործելիս զննությունների և խուզարկությունների դեմ փաստաբանների հզոր դիմադրությամբ։
«Ակնհայտ է, որ արդեն անկառավարելի իրավիճակ էր, և դատավորն էլ ակնհայտորեն չէր տիրապետում իրավիճակին, դրա համար էլ փորձում են այսպես կիսել»,- ասաց նա` միաժամանակ հույս հայտնելով, որ նոր գործերով դատարան մուտք գործելու խնդիրների փաստաբանները չեն հանդիպի։
Հիշեցնենք` «Սասնա ծռերի» գործով դատավարությունը մեկնարկել է 2017թ-ի հունիսի 8-ին, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։ Երկու դատական նիստից հետո, հաշվի առնելով գործի մասնակիցների մեծ թիվն ու գործի նկատմամբ առկա հանրային հետաքրքրությունը, որոշում կայացվեց հունիսի 21-ից սկսած դատավարությունն անցկացնել Ավան Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում։