ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Համաշխարհային ճանաչում ունեցող դուդուկահար Ջիվան Գասպարյանն իր թոռան` Ջիվան Գասպարյան կրտսերի հետ առաջին անգամ հյուրընկալվել է ռուսական «Երեկոյան Ուրգանտ» հայտնի հաղորդմանը, որը հեռարձակվում է ռուսական Առաջին ալիքի եթերով։
«Այսօր մենք զարմանալի կատարողի ենք հյուրընկալել։ Մեր հաղորդման գոյության ընթացքում շատերին ենք հյուր կանչել, բայց զարմանալի է, որ այս մարդը երբեք չի եղել մեր եթերում։ Նա առաջին անգամ ելույթ կունենա մեզ մոտ»,- ասաց Ուրգանտը։
«Նա աստղ է և մեծություն, ֆոլ-երաժշտության հսկա։ Երբ խոսում ենք դուդուկի մասին, առաջինը նրա անունն է մեր միտքը գալիս։ Մեր հյուրերն են մաեստրո Ջիվան Գասպարյանն ու նրա թոռը, որը նույնպես Ջիվան Գասպարյան է»,- ասաց նա։
Երաժիշտները կատարեցին Օլեգ Բելովի «I will not be sad in this world» («Ես չեմ տխրի այս աշխարհում») ստեղծագործությունը։
Ջիվան Գասպարյանը հաճախ է ելույթ ունենում Մոսկվայում։ Ապրիլին Կրեմլի Դիվանագիտական սրահում կայացել է նրա քառյակի համերգը։