Դիանա Հարությունյան, Sputnik.
Արդեն օրենքի ուժով է՝ ամեն տարի կառավարությունը կարող է Սևանից 270 մլն խորանարդ մետր ջուր վերցնել: Ո՛չ Ազգային ժողովը կարող է միջամտել, ո՛չ մեկ այլ կառույց: Վստահություն, որ ամեն տարի կլինի այդ ջրի իրական կարիքը, բնապահպան Կարինե Դանիելյանը չունի, բայց համոզված է՝ ջուրը միևնույնն է կվերցնեն: Ափին իրար հետևից շարված են օլիգարխիայի ապարանքները՝ հո ջրի տակ չեն անցնելո՞ւ։
«Արդեն այս տարի նախորդ տարվա համեմատ 3 սմ-ով Սևանի ջուրն իջել է: Ինչ կլինի հունվարին, երբ տարեկան ցուցանիշները համեմատենք, դժվարանում եմ ասել: Սևանից այս չափով ջուր վերցնել նշանակում է մի քանի անգամ մեծացնել սեյսմիկ ռիսկը: Ինչո՞ւ պետք է դա անեին, եթե չլիներ ափերը ջրից ազատելու խնդիրը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Դանիելյանը:
Խորհրդային տարիներին խնդիր էր դրված Սևանի ջրի մակարդակը հասցնել 1908 մետր նիշի: Հետո խնդիրը փոխվեց. պետք էր հասցնել 1905 նիշի: Ըստ Դանիելյանի, որ նաև նախագահին կից Սևանի հարցերով ազգային հանձնաժողովի անդամ է, այդ ընթացքում Սևանը սկսեց շնչել, ինքնամաքրվել, առողջանալ ու նաև ինքնուրույն բարձրանալ: Գիտնականները կանխատեսում են, որ հիմա կլինի ճիշտ հակառակը:
«Սևանը ուղղակի ջրամբար չէ: Ուզեցինք ՝բարձրացնենք, ուզեցինք` իջեցնենք: Այն շնչում է ու կարող է պատասխանել, օրինակ, անապատեցմամբ: Ստորերկրյա ջրերն իրար հետ կապակցված են»,- ասում է Դանիելյանը։
Արարատյան դաշտն անապատացրին ձկնաբուծարաններով, հիմա այդ անապատեցումը կարող է նաև Գեղարքունիք հասնել. զգուշացնում է բնապահպանության նախկին նախարարը: