ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Ֆրանսիայի Կանն քաղաքում սեպտեմբերի 23-26-ն անցկացվող Ժամանակակից արվեստի միջազգային ցուցադրությունում աշխարհի տարբեր երկրների շուրջ 100 արվեստագետների գործերի շարքում առանձնացել են Անդրանիկ Ավետիսյանի աշխատանքները:
Ավետիսյանի գործերին Sputnik Արմենիան արդեն անդրադարձել է՝ ներկայացնելով նրա ինքնատիպ աշխատանքները: Նա նկարներ է ստեղծում բնական սարդոստայնից:
Sputnik Արմենիայի հետ զրուցում Անդրանիկը փաստում է՝ թե՛ ցուցադրությանը մասնակցելու առաջարկը, թե՛ իր ստացած մրցանակն անակնկալ էին իր համար: Հեղինակը, որն, ի դեպ, գործարար-արվեստագետ է և տարիներ առաջ նույնիսկ Գյումրու քաղաքապետի թեկնածու է եղել, իր աշխատանքները հաճախ ներկայացնում է սոցիալական ցանցերում։ Այդպես Կաննի ցուցահանդեսի կազմակերպիչներից մեկը տեսել, հետաքրքրվել ու ցուցադրությանը մասնակցելու հրավեր է ուղարկել Անդրանիկին, ով սկզբում բարդությունները հաշվի առնելով հրաժարվել, ապա, երբ կազմակերպիչները շատ են պնդել, համաձայնել է մասնակցել ցուցադրությանը։
Ու քանի որ որդին Ֆրանսիայում է սովորում, նա որոշում է աշխատանքներն ուղարկել ու ցուցադրությանը ներկայանալ որդու օգնությամբ: Հեղինակը ցուցադրությանը ներկայացրել է 15 գործ՝ բոլորն էլ սարդոստանային նկարներ:
Տարիներ առաջ ընկերոջ արվեստանոցում նկատելով սարդոստայնը՝ Անդրանիկը հասկացել է`դա բնության հրաշքներից մեկն է ու ինքն իրենով` արդեն արվեստի գործ: Գործարարությամբ զբաղվող երիտասարդի հետաքրքրությունը դարձել է զբաղմունք։ Նկարչի ընտանիքում ծնված ու փոքր տարիքում նկարչությամբ զբաղված Անդրանիկի մեջ արթնացել է արվեստագետի ոգին, և սկիզբ դրվել մարդու ու սարդի համատեղ արարմանը: