ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Մոսկովյան «Արարատի» կիսապաշտպան Մարատ Իզմայլովը լքել է մոսկովյան «Արարատ» ակումբը, հայտնում է թիմի մամուլի ծառայությունը։
Համագործակցության դադարեցման մասին որոշումը կողմերը փոխադարձ համաձայնությամբ են կայացրել։
««Արարատ» ֆուտբոլային ակումբը Մարատին շնորհակալություն է հայտնում թիմի կայացման գործում ունեցած մեծ ներդրման համար ու հետագա հաջողություն է մաղթում նրան», — ասվում է հաղորդագրության մեջ։
Իզմայլովն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել «Արարատի» ղեկավարությանը, մարզիչներին ու ֆուտբոլիստներին անմոռանալի հույզերի համար։
«Ինձ շատ հաճելի էր ֆուտբոլային մեծ ընտանիքի մի մասնիկը լինել։ Սա ինձ համար բարդ որոշում էր, բայց անձնական պատճառներով ստիպած եմ լքել թիմը։ «Արարատին» մաղթում եմ լուծել բոլոր խնդիրները։ Համոզված եմ` ակումբը պայծառ ապագա ունի», — ասել Իզմայլովը։
Իզմայլովը «Արարատ» էր եկել այս տարվա ամռանը։ Խաղաշրջանի ընթացքում 35-ամյա կիսապաշտպանը չորս խաղ է անցկացրել և երկու գոլ խփել։