ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Մոսկվայի «Արարատ» ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյաննն արդեն երկրորդ խաղն է, ինչ հակառակորդ թիմի երկրպագուներին իր միջնամատն է ցույց տալիս։ Այս անգամ այդ ժեստին «արժանացան» «Տորպեդոյի» երկրպագուները, հայտնում է «Չեմպիոնատը»։
Ռուսաստանի առաջնության երկրորդ դիվիզիոնի 11 տուրի խաղի ժամանակ, «Ցենտր» գոտում Մոսկվայի «Տորպեդոյի» երկրպագուները վիրավորական արտահայտություններ են հնչեցրել Ալեքսանդր Գրիգորյանի հասցեին, ինչի համար և «արժանացել» են նման արձագանքի։ Արդյունքում «Արարատը» 3:2 հաշվով հաղթել է «Տորպեդոյին»։
Ավելի վաղ Գրիգորյանը նույն ժեստը ցույց էր տվել «ՍԿԱ–Խաբարովսկի» երկրպագուներին Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի խաղում։ Այդ խաղում «Արարատը» պարտվել է 1:2 հաշվով և դուրս մնացել պայքարից։