ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպվող «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն այս տարի կկայանա հոկտեմբերի 1-8-ը: 15-րդ «Հայ ֆեստը» կրում է «We are15years old young» («Մենք 15 տարեկան երիտասարդ ենք») խորագիրը:
Այս տարի «Հայ ֆեստը» կհյուրընկալի 20 երկրից ժամանած 250 մասնակցի և հյուրերի, որոնց թվում հեղինակավոր արվեստագետներ են, արտմենեջերներ, միջազգային փառատոնի նախագահներ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Իտալիայից, Բուլղարիայից, Շվեդիայից, Լեհաստանից, Իսրայելից, Գերմանիայից, Հունաստանից, Ղազախստանից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և այլ երկրներից:
Երևանյան 12 բեմահարթակում կցուցադրվի ավելի քան 50 ներկայացում:
Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, տիկնիկային, ֆիզիկական, շարժման, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ:
Փառատոնի հյուրերը կանցկացնեն վարպետության դասընթացներ:
Փառատոնի նշանավոր ներկայացումներից են «Չի Տուլա Լիմնիոս» թատրոնի «Տեմպուս ֆուգիտ» (Գերմանիա), «Կանդոկո» թատրոնի «Դու և Ես Գիտենք» (Մեծ Բրիտանիա) ներկայացումները:
Երևանյան թատրոններից «Հայ ֆեստի» հիմնական ծրագրում հանդես կգան Հ. Թումանյանի անվան տիկնիկային, Կամերային, «Փոքր» և «Միհր» թատրոնները:
Փառատոնը կբացվի Սուխումիի դրամատիկ թատրոնի «Յակիշ և Պուպչե» (Վրաստան) ներկայացումով՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում (բեմադրիչ՝ Դավիթ Սակվարելիձե):
Հոկտեմբերի 6-8-ը Երևանում կկայանա IETM (Կատարողական արվեստի միջազգային ցանց)-ի «Քարավան Թբիլիսի-Երևան 2017» հանդիպումը: Նրանց նպատակն է նպաստել հայ ժամանակակից կատարողական արվեստին, ինչպես նաև ընտրել գործընկերներ հետագա համագործակցության համար:
Նշենք, որ արտասահմանյան ներկայացումների մուտքը կլինի ազատ:
«Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ կայացել է 2003-ին: Փառատոնի նախագահն է Արթուր Ղուկասյանը: 2006 թվականից «Հայ ֆեստը» գլխավոր թատերական փառատոնն է նախկին ԽՍՀՄ տարածքում (բացառությամբ Մոսկվայի):