ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik, Լիլիթ Հարությունյան․ Հայ դիզայներ Լիանա Սարգսյանի հավաքածուն, որը գրավել էր Վենետիկի 74-րդ կինոփառատոնի հյուրերին, միայն մի քանի ժամով ներկայացվել էր բարձր նորաձևության երևանյան սիրահարներին։
Լիանա Սարգսյանի նրբագեղ մանրակրկիտ աշխատանքով հիանալու համար մինի-ցուցադրություն այցելեցին շոու-բիզնեսի ներկայացուցիչները, դիզայներներն ու, պարզապես, նորաձևության սիրահարները։





Sputnik Արմենիայի հետ զրույցում Լիանա Սարգսյանը հայտնեց, որ կիրակի հավաքածուն ուղարկվելու է Ռուսաստանի մայրաքաղաք, ուր այն ցուցադրվելու է ZIAN նորագույն վաճառքի ու ցուցադրության պատկերասրահում։
«Որոշ մոդելներ վաճառվել են դեռ հավաքածուն Իտալիայում ցուցադրվելուց առաջ։ Արդեն վաղը դրանք իրենց սեփականատերերի մոտ կհայտնվեն։ Մնացածը Մոսկվա կտարվեն»,- ասաց նա։
Իտալիայում eLSi ապրանքանիշը 21 զգեստ է ներկայացրել, որից 3-ը միանգամից ընտրվել են Վենետիկի կինոփառատոնի աստղերի համար։ Հատկանշական է, որ միայն Լիանայի աշխատանքներն են ընտրվել կարմիր գորգի համար։ Դրանցով շրջում էին հայտնի դերասանուհի Թիֆնի Բրոուվերը, հաղորդավարուհի, նորաձևության ոլորտի փորձագետ, արքայադուստր Ելենա Մարգրետ Բենթհայմն ու միջոցառման բրենդ-մենեջեր Անգելա Սայմոնը։