ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքում վերջին շաբաթվա ընթացքում արձանագրվել է տուլարեմիայի 5 հաստատված դեպք: Նույն համայնքում դեպքեր են արձանագրվել նաև օգոստոսին: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:
Նրա խոսքով՝ հիվանդները գանգատվել են ջերմությունից, կոկորդի ցավից, լիմֆադենիտից, որոշ դեպքերում` կոնյուկտիվիտից: Դեպքերը հիմնականում արձանագրվել են 30-40 տարեկանների շրջանում:
«Հիվանդությունն ունի հիմնականում թեթև ընթացք, որոշ դեպքերում՝ միջին ծանրության: Այժմ հոսպիտալային բուժում է ստանում 4 հիվանդ, ևս 1-ը` ամբուլատոր: Կատարվել է համաճարակաբանական հետազոտություն, դիտարկվում են վարակի փոխանցման բոլոր հնարավոր մեխանիզմները, մասնավորապես՝ այս համայնքի տարածքում էպիզոոտոլոգիական հետազոտություններ կատարվել են դեռևս ապրիլ ամսից սկսած՝ պարբերաբար, սակայն կրծողների շրջանում էպիզոոտիա չի արձանագրվել»,- ասաց Հայթայանը:
Ինչպես նա տեղեկացրեց, ուսումնասիրվել է Արծվաբերդ համայնքի ջրամատակարարման համակարգը։ Ջրի նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքում վերջին երկու-երեք ամսվա ընթացքում շեղումներ չեն հայտնաբերվել։
«Բնակչության շրջանում իրականացվել է տուլարեմիայի կանխարգելման հարցերի շուրջ գիտելիքների տարածում: Կազմակերպվել են նաև բոլոր հիվանդների և համայնքի ռիսկի խումբ հանդիսացող անձանց կենսաբանական նմուշների հետազոտություններ: Համաճարակաբանական հետազոտությունները շարունակվում են»,-ասաց նա:
Անահիտ Հայթայանի տեղեկացմամբ՝ այժմ իրականացվում է Արծվաբերդի և դրան հարակից համայնքների 7-ից բարձր տարիքի բնակչության հաշվառում (հատկապես դաշտային աշխատանքներ իրականացնող) տուլարեմիայի դեմ կանխարգելիչ պատվաստումներ իրականացնելու համար:
Տուլարեմիան բնական օջախային հիվանդություն է, որը տարածված է հիմնականում մեղմ կլիմայական գոտիներում: Տուլարեմիայի հիմնական աղբյուր են հանդիսանում կրծողները՝ (մկները, ջրային առնետները,դաշտային մկները, նապաստակները)։
«Տուլարեմիայի գաղտնի շրջանը 1-30 օր է, հիմնականում՝ 3-7 օր: Հիվանդությունը սովորաբար տևում է 2-3 շաբաթ (երբեմն՝ ավելի), հազվադեպ կարող է ախտադարձ լինել: Հիվանդությունն ընթանում է ջերմության բարձրացումով, գլխացավով, թուլությամբ, բնորոշ է ավշային հանգույցների և դրանց հարակից հյուսվածքների ախտահարումով (բուբոն), որն առաջանում է հարուցչի ներթափանցման հետևանքով»,-ասաց առողջապահության նախարարի մամուլի խոսնակը:
Ըստ տեղեկատվության՝ վարակն օրգանիզմ է ներթափանցում մաշկի վնասվածքների կամ աչքի, շնչառական ուղիների կամ աղեստամոքսային տրակտի լորձաթաղանթների միջոցով: Այն փոխանցվում է տզերի, ինչպես նաև սննդամթերքի և փոշու միջոցով:

