ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. «Տուլարեմիա» անվանումով հիվանդությունը վերջին 20 տարվա ընթացքում Արծվաբերդ չէր մտել: Իսկ օրերս մոտ 20 հոգի այդ ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արծվաբերդի առողջության կենտրոնի տնօրեն Գագիկ Դալլաքյանը:
Նրա խոսքով՝ մի մասին անմիջապես տեղափոխել են բժշկական հաստատություններ, մյուս մասն ամբուլատոր բուժում է ստացել ու վերադարձել տուն:
«Այս պահին վտանգ չկա: Վարակն օդակաթիլային ճանապարհով չի փոխանցվում: Ենթադրում եմ, որ փոխանցվել է սննդի միջոցով, այն էլ ոչ մեր տեղանքում, երևի Երևանից են բերել: Մեր ջրերը, մեր հողը ստուգել են, ամեն ինչ Արծվաբերդում նորմալ է»,- ասաց Դալլաքյանը:
Արծվաբերդում հիվանդության բուռն շրջանը մարել է, բայց հիվանդներին դեռևս մեկ ամիս կլինեն հսկողության տակ:
Դալլաքյանը տեղեկացրեց նաև, որ առողջապահության նախարարության հետ բանակցել են, գուցե այդ հիվանդության դեմ պատվաստումներ իրականացնեն:
Տեղեկացնենք, որ տուլարեմիա հիվանդության ախտանշանները գրեթե չեն տարբերվում գրիպի ախտանշաններից՝ ջերմություն, մկանային թուլություն և այլն: Բայց նաև տարբերություններ կան, հիվանդությունն ուղեկցվում է գեղձերի այտուցվածությամբ, ատիպիկ անգինայով, երբեմն նաև թոքաբորբ է զարգանում: