ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Կլայպեդայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր Էդգար Խաչատրյանը նվաճեց արծաթե մեդալ, իսկ Ռաֆայել Մանուկյանը դարձավ բրոնզե մեդալակիր:
Մրցումների երկու օրերի ընթացքում Հայաստանի բանակայինների հավաքականը իր ակտիվում գրանցեց մեկ ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ:
Երեկ աշխարհի առաջնությունում Կարեն Ասլանյանի և Արմեն Հակոբյանի հաջողություններից հետո հայ ըմբիշները շարունակեցին իրենց հաջող ելույթները:
Ուրախալի է, որ գերծանր քաշային կարգում մենք ունենք ըմբիշ, որը պայքարում է ոսկե մեդալի համար: Էդգար Խաչատրյանը որակավորման փուլում բացահայտ առավելությամբ հաղթեց իրանցի Արման Նասարիին:
Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը նորից բացահայտ առավելությամբ առավելության հասավ ադրբեջանցի Սավիդ Ֆեյզիևի նկատմամբ և, դուրս գալով կիսաեզրափակիչ, հանդիպեց ռուս Վասիլի Պարշինի համառ դիմադրությանը: Գրանցվեց 4:3 հաշիվ` հօգուտ հայ ըմբիշի:
Ցավոք, եզրափակիչում Էդգարը պարտվեց լիտվացի Մանտաս Կնիստաուստասին: Բայց արծաթն էլ, անկասկած, մեծ հաջողություն է։ 80 կգ քաշային կարգում Ռաֆայել Մանուկյանն առաջին գոտեմարտում հաղթելով չին մրցակցին` կիսաեզրափակիչում 4:6 հաշվով պարտվեց ադրբեջանցի Ելթին Վասիրզադեին, իսկ բրոնզե մեդալի համար պայքարում 9:0 հաշվով հաղթեց շվեյցարացի Դամիան Դիտչին:
Բրոնզե մեդալ կարող էր վաստակել նաև 85 կգ քաշային Արգիշտի Աբգարյանը, բայց երրորդ տեղի համար պայքարում մեր ըմբիշը պարտվեց: