ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության 26–ամյակի կապակցությամբ, ազգային հերոսի կոչում է շնորհել արգենտինահայ բարերար, Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սեփականատեր Էդուարդո Էռնեկյանին։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ
Համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների, Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված ազգանվեր գործունեության համար մեծանուն բարերար Էդուարդո Էռնեկյանին շնորհել «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում՝ հանձնելով Հայրենիքի շքանշան»,–ասված է նախագահի հրամանագրում:
Հայ գաղթականների որդի, արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանը ծնվել է 1932 թվականի դեկտեմբերի 4-ին, Բուենոս Այրեսում։ Էռնեկյանները հիմնել են տեքստիլ ձեռնարկություն։ Էռնեկյանը 49 օդանավակայան ունի` աշխարհի տարբեր երկրներում (Արգենտինա, Իտալիա, Հայաստան, Էկվադոր, Պերու, Բրազիլիա, Ուրուգվայ), և ավելի քան 1000 քկմ հողամաս։
Էդուարդո Էռնեկյանը երբեք ամուսնացած չի եղել, երեխաներ չունի։