ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. «Արծիվ» գունդը բանակի ստեղծման հիմնաքարերից մեկն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց գնդի հրամանատար, «Արծիվ մահապարտների միություն» հասարակական կազմակերպության, բանակի գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը։
Վերհիշելով անկախության համար մղվող պայքարն ու ժամանակի պահանջով ստեղծվող առաջին հայկական զորամիավորումները` Պետրոսյանը նշեց. «Նոր էինք դուրս եկել պայքարի և հասկանում էինք, որ անկախության ուղին հարթ չէ, երբ մեր դեմ դուրս եկան սովետական բանակն ու ադրբեջանական հրոսակները։ Հասկացանք, որ անհնար է խուսափել զինված պայքարից, իսկ դրա համար անհրաժեշտ էր ունենալ բանակ և այն ստեղծելու հնարավորություն»,- ասաց Պետրոսյանը` հիշելով, որ կամավորական առաջին միավորումները ստեղծվեցին ինքնաբերաբար, երբ հայրենիքի ճակատագրով մտահոգ մարդիկ միավորվեցին մեկ գաղափարի շուրջ։
Հետագայում ստեղծվեց երկրապահ ջոկատների կենտրոնական շտաբը, պաշտպանության կոմիտեն, ապա նաև` հատուկ գունդը, որում ներառվեցին տասնյակ ջոկատներ ու աշխարհազորային խմբեր։
1991թ-ին ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ Ոստիկանության կազմում ստեղծվեց ներքին զորքերի հատուկ գունդը, թեև բոլորի համար պարզ էր` այն մեկնելու էր ռազմաճակատ` պաշտպանելու անկախության համար պայքարի ելած Արցախը։
««Հատուկ գունդն» առաջինն էր, որ որպես կազմակերպված զորամիավորում օգնության հասավ պաշարման մեջ հայտնված գետաշենցիներին։ Երբ գետաշենցիները տեսան, նույն հագուստով, նույն սաղավարտով, նույն զենքով, գնդացիրներով, ականանետներով զինված գունդը, արդեն մոռացան ամեն ինչ, ամեն մեկը դարձավ մի ասլան»,- հիշում է Աստվածատրյանը։
Հետագայում «Հատուկ գնդի» կազմում ներառված ջոկատների ու վաշտերի հիմքի վրա ձևավորվեցին արդեն Հայոց բանակի գնդերն ու զորամասերը։
Բանակաշինության ամենադժվարին ժամանակաշրջանը Աստվածատուր Պետրոսյանը համարում է հատկապես մինչև 1997թ-ի ավարտը։
«Դժվարություններ, տարբեր խնդիրներ եղան` և՛ ժողովրդական, և՛ կուսակցական, նեղ շրջանակներից մինչև աշխարհաստեղծ գործունեություն։ Անհնար էր պատկերացնել, որ մենք կարող ենք հաղթահարել այդ փուլը. ներքին և արտաքին պատերազմները դժվարին իրավիճակ էին ստեղծել, բայց մենք հավատացած էինք, որ 21-րդ դարը մերն է լինելու»,- ասում է Պետրոսյանը։
Բայց եղավ 1999-ի հոկտեմբերի 27-ը, և Աստվածատուր Պետրոսյանի ձևակերպմամբ` «մենք սկսեցինք տանուլ տալ, հետ շպրտվեցինք ու մինչև հիմա ուշքի չենք գալիս»։
Բանակի զարգացման հաջորդ փուլն, ըստ մեր զրուցակցի, 10 տարի անց էր` 2007թ-ին, երբ տնտեսական աճը նաև զինված ուժերի տեխնիկական համալրման մասին հոգալու հնարավորություն տվեց, բայց այն, ինչպես և տնտեսական զարգացումը, երկար չտևեց։
1991-92-ին Աստվածատուր Պետրոսյանը եղել է «Հատուկ գնդի», 1992-93-ին՝ դեսանտագրոհային գնդի, բրիգադի հրամանատար, 1993-95-ին՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։ Այսօր ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության պետն է։