ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Rammstein խմբի մոտալուտ փլուզման մասին լուրերը, որոնք տարածվել էին գերմանական մամուլում, սուտ են։ Երաժշտական կոլեկտիվի պաշտոնական կայքում հերքել են այդ տեղեկությունը։
«Խումբը հրաժեշտի ալբոմի մասին «գաղտնի ծրագրեր» չունի և վերջին համերգային շրջագայություն չի կազմակերպվում։ Խումբն աշխատում է նոր երգերի վրա», — նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ նախօրեին Bild տաբլոիդն իր աղբյուրներին հղում անելով` հայտնել էր, որ Rammstein-ի հաջորդ ալբոմը վերջինն է լինելու։
«Ավելի վաղ Rammstein-ի կիթառահար Ռիխարդ Կրուսպեն Blabbermouth.net ռոք-պորտալին տված հարցազրույցում նշել էր, որ նոր ալբոմը կարող է վերջինը լինել», — գրել էր կայքը։
Պարբերականը նշել էր նաև, որ Rammstein-ը մոտավորապես 35 նոր երգ է գրել։ Կիթառահարն ալբոմի թողարկման ամսաթվի մասին հարցին պատասխանել է. «Դա դեռ մեծ հարց է»։
Գերմանական Rammstein մետալ-խումբը հիմնադրվել է 1994 թվականին Բեռլինում։ Խմբի վերջին ալբոմը` Liebe Ist Für Alle Da-ն, լույս է տեսել 2009 թվականին։