ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. «Նոր ալիք» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող երկու երգչուհիներից մեկը` Էռնա Միրը, երկու միլիոն ռուբլի կստանա (մոտավորապես 16 միլիոն դրամ)։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Մրցույթի փակման արարողության ժամանակ կազմակերպիչները հայտնեցին, որ «Նոր ալիք» մրցույթի այս տարվա հաղթող երեք արտիստը կկիսեն մրցանակային ֆոնդը, որը կազմում է վեց միլիոն ռուբլի։
Էռնան 362 միավորով առաջին տեղը կիսեց Ուզբեկստանի (Սարդոր Միլանո) և Մոլդովայի (DoReDoS խումբ) ներկայացուցիչների հետ։
Նշենք, որ երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` Սյուզաննա Մելքոնյանը։
«Նոր ալիք» մրցույթն անցկացվում էր Սոչիում սեպտեմբերի 8-14-ն ընկած ժամանակահատվածում։
Հայաստանը «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթին մասնակցում է 2003 թվականից սկսած։ «Նոր ալիքին» մասնակցել են Էմմին, Hayer խումբը, Արման Գրիգորյանը, Ռազմիկ Ամյանը, Մհերը, Սոնա Շահգելդյանը, Էրիկը, Սուրեն Առուստամյանը, Մերի Մնջոյանը, Սոնա Ռուբենյանը և Գրիգոր Կոկչյանը։
2010 թվականին Հայաստանին հաղթանակ բերեց Սոնա Շահգելդյանը։ Մրցույթում լավ արդյունքի են հասել նաև երգիչներ Մհերը (5-րդ տեղ) և Էրիկը (5-6-րդ տեղ)։