ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի–Sputnik. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատության նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը։ Պատվավոր հյուրերի թվում էին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Էդուարդո Էռեկյանը։
Բարերարը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ սա ներդրում էր երեխաների ապագայի համար։
«Ես երջանիկ եմ` տեսնելով այս կառույցը, որը ՀՀ ապագայի համար է։ Այն որ դպրոցը կառուցվել է Էջմիածնում, արդեն իսկ հրաշալի է»,–ասաց Էռնեկյանը։
Նա վստահեցրեց, որ ինչպես միշտ, այնպես էլ հետագայում աջակցելու է Հայաստանին։
«Մենք ապրում ենք Սփյուռքում, բայց մեր ապագան Հայաստանում է։ Ամբողջ Սփյուռքը պետք է այդպես մտածի ու նպաստի Հայաստանի զարգացման գործընթացին»,–ասաց բարերարը։
«Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատությունը հիմնադրվել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից և Էդուարդո Էռնեկյանի բարերությամբ՝ 2009թ. սեպտեմբերի 1-ին, Վաղարշապատի թիվ 13 հանրակրթական դպրոցի հենքի վրա: Էդուարդո Էռնեկյանի հովանավորությամբ՝ Էջմիածնի ուսումնական այս հաստատությունը նոր և լավագույն կերպով կահավորված դասասենյակներով ու հագեցած լաբորատորիաներով շենք է, որը կարող է իր հարկի տակ ընդունել 500 և ավելի աշակերտի:





Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել նորաբաց դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ուսումնառության համար ստեղծված պայմաններին, որից հետո մասնակցել է դպրոցի բակում կազմակերպված ծառատունկին:
Հիշեցնենք, որ Էդուարդո Էռնեկյանը Արգենտինայի ամենահարուստ անձանցից է։ Նա կառավարում է երկրի ամբողջ մեդիաշուկան:
1995 թվականին նա ճանաչվել է Արգենտինայի «Տարվա մարդ»: Երկրի նախագահն էլ նրան մեդալ է շնորհել՝ երկրի տնտեսության զարգացման համար:
Վերջին տվյալով՝ Էռնեկյանի կարողությունը գնահատվում է 1,8 մլրդ դոլար:
Forbes միլիարդատերերի ցանկում նրա անունը 831-րդ հորիզոնականում է: