ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik, Լիլիթ Հարությունյան. WorldFood Moscow 2017 միջազգային ցուցահանդեսում Հայաստանի տաղավարը լավագույնն է ճանաչվել։ Այն տարբերվում էր իր ոճային դիզայնով, Sputnik Արմենիային ասաց Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ավագ Ավագյանը։
«Մենք հարուստ փորձ ունենք այդ գործում, նման ցուցահանդեսներին ամեն տարի մասնակցում ենք։ Թիմը լավ էր աշխատել, և մեզ հաջողվեց բարձր արդյունքների հասնել»,– նշեց նա։
Նրա խոսքով` հայկական տաղավարը լավագույնն է համարվել մարքեթինգի ոլորտի փորձագետների, ինչպես նաև ցուցահանդեսի այցելուների որոշման համաձայն։
«Բոլորն ուրախանում էին մեզ համար, մոտենում, շնորհավորում էին մեզ»,– ասաց նա։
Ավագյանի խոսքով` Հայաստանը կարող է WorldFood Moscow-ի գործընկեր–երկիր դառնալ։
«Հիմնադրամը խիստ հետևում է ֆինանսական ծախսերի արդյունավետությանը։ Մենք մեր համաձայնությունը տալիս ենք միայն այդ դեպքում, երբ համոզվում ենք, որ ծախսերն արդարացված են։ Մեր հիմնական նպատակը շահավետ պայմանագրերի կնքումն է, ինչը նպաստում է մեր տնտեսության զարգացմանը»,– ընդգծել է Ավագյանը։

Սննդի արտադրության ոլորտում գործող հայկական ընկերությունները, որոնք նախորդ տարի մասնակցել էին WorldFood Moscow 2016–ին, շուրջ 570 միլիոն դրամի արտահանման 12 պայմանագիր էին կնքել։
WorldFood Moscow միջազգային ցուցահանդեսն անցկացվում է Մոսկվայի Էքսպոկենտրոնում ամեն տարի` սկսած 1992 թվականից։ Ցուցահանդեսը հնարավորություն է տալիս արտադրողներին նոր ապրանքներ ներկայացնել ու կնքել պայմանագրեր, որոնք ռուսական շուկա հայրենական արտադրանքի արտահանում են նախատեսում։ WorldFood Moscow 2017–ին մասնակցում է մոտ 1500 ընկերություն 65 երկրից։