ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Ռուսական շոու-բիզնեսի վառ ներկայացուցիչներից մեկը` հայտնի երգիչ Սերգեյ Լազարևը, պատրաստվում է երկու տարով լքել բեմը։ Այս մասին հայտնում է Dni.Ru գործակալությունը։
Տվյալ պահին երգիչը շրջագայում է The Best ծրագրով։
«Մնացել է ընդամենը քառասուն համերգ, որոնք կավարտեմ մինչև դեկտեմբեր։ Հետո գրեթե միանգամից սկսվում է նոր «N-тур» ծրագրով շրջագայությունը։ 35- ամյակիս նվիրված շրջագայությունը կսկսվի 2018 թվականի գարնանը», — ասել է Լազարևը։
Արտիստը հայտնել է, որ նոր շրջագայության ավարտից հետո մտադիր է տևական դադար առնել ու երկու տարով լքել էստրադային բեմը։
«Ինձ պետք է ուշքի գալ, մտածել այլ ոլորտներում դրսևորվելու մասին։ Մասնավորապես՝ շատ եմ ուզում նոր թատերական բեմադրություններով զբաղվել, դա ինձ համար հետաքրքիր է ու հոգեհարազատ», — ասել է նա։
Լազարևի ստեղծագործական գործունեությունն առաջին հերթին կապված է «Նոր ալիք» ծրագրի հետ։ Նա դեռ հանդես էր գալիս Smash!! խմբի կազմում, երբ 2002 թվականին հաղթեց մրցույթում։ 2003 թվականին Լազարևն ավարտեց Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնը։ Դրանից հետո գլխավոր դերերով հանդես եկավ Պուշկինի թատրոնի երեք հաջողված բեմադրությունում։