ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Պետերբուրգի ու Ռուսաստանի գլխավոր թանգարանի` Էրմիտաժի հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել է մոտ 40 հրշեջ մեքենա ու 120 մարդուց բաղկացած անձնակազմ։ Ծուխն ավելի շատ է եղել, քան կրակը, ու թանգարանի կատուները հենց ծխից են տուժել։
Էրմիտաժից դուրս եկող ծխի մասին ահազանգը գրանցվել է ուրբաթ կեսօրին, հայտնում է «Ֆոնտանկա» պետերբուրգյան օնլայն-պարբերականը` հղում անելով ՌԴ ԱԻՆ-ին։ Այրվել են օժանդակ սենյակում գտնվող իրերը։ Հրշեջները վտանգավոր գոտուց տարհանել են 20 մարդու։
«Ֆոնտանկայի» տվյալներով` տարածքում բացի խողովակներից ոչինչ չի եղել։ Սենյակի դիրքն ու տեղը որոշակի խնդիրներ են առաջացրել այրման օջախին մոտենալու համար։
Էրմիտաժի նկուղներում կատուներն ավելի հաճախ են շրջում, քան մարդիկ։ Ու հենց այդ պատճառով էլ կենդանիներն են տուժել։ Կատուներից չորսին փրկել չի հաջողվել, մեկին ուշքի են բերել հրշեջները։ Էրմիտաժում, ընդհանուր առմամբ, 70 կատու կա։
Այդ միջադեպը չի անդրադարձել թանգարանի աշխատանքի վրա։