ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Մոսկվայի «Արարատի» շուրջ աղմուկը, որը բարձրացավ շատ անակնկալ ու արագ կերպով, նույնքան մեծ արագությամբ էլ հանդարտվեց: Արդեն ոչ ոք չի խոսում գողացված 20 միլիոն ռուբլու և դատական հայցի մասին: Հիմա բոլորը միաբերան խոսում են «Արարատի» կարևոր հաղթանակի ու նոր ղեկավարի մասին: Վալերի Հովհաննիսյանը դուրս եկավ ակումբից (ակումբի արդեն նախկին նախագահը հենց այսպես էր բնորոշել իր հետ տեղի ունեցածը), և նրա պաշտոնը զբաղեցրեց Իգոր Կորոտկովը:
Այն, որ «Արարատ» անունը շատ մեծ արժեք ունի հայերի համար, երկու կարծիք լինել չի կարող: Բայց ինչպես կյանքում, այնպես էլ ֆուտբոլում ժամանակները փոխվել են: «Արարատ» անունը տալիս հայերը հիշում են փառապանծ թիմին ու նրա հաղթանակները նախկին ԽՍՀՄ ժամանակաշրջանում: Իսկ հիմա ավելի հաճախ ֆուտբոլն ու «Արարատը» կապված են իրար հետ սկանդալներով:
Այո, ֆուտբոլը միայն խաղ չէ և վաղուց է դարձել քաղաքականություն: Քաղաքականություն այն իմաստով, որ կոնկրետ «Արարատ» անունը լսելիս` պարզ է դառնում, որ կապ կա Հայաստանի կամ հայերի հետ: Իզուր չէ, որ «Արարատի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը իր տված հարցազրույցում նշում է.«Մեր` հայերիս, հետ իրոք զվարճալի է»: Բայց արդյոք զվարճալի՞ է, այն էլ ֆուտբոլում:
Երբ հիմնադրվեց Մոսկվայի «Արարատը» ոչ բոլորն էին հավատում այս ակումբի հաջողություններին: Բայց երբ թիմում սկսեցին հանդես գալ ճանաչված ու հայտնի ֆուտբոլիստներ, և ամեն ինչ ուղեկցվում էր թիմի հաղթանակներով, հետաքրքրությունը մեծացավ ու հավատ առաջացավ, որ Արարատը Մոսկվայից էլ է երևում: Ու քիչ էր մնացել` նորից կանգնեինք նույն տաշտակի առաջ:
Ակումբի ներքին խոհանոցում առաջացած խնդիրները ոչ լիարժեք կերպով հայտնվեցին թերթերի ու կայքերի ուշադրության կենտրոնում: Ամեն ինչ հանդարտվեց Վալերի Հովհաննիսյանի փոփոխությամբ: Գուցե ավելի լավ կլիներ շատ արագ կամ առանց աղմուկի հայտարարել, որ Հովհաննիսյանի փոխարեն Կորորտկովն է արդեն ղեկավարում ակումբը:
Ամեն դեպքում «Արարատ» անունը ցանկալի է, որ լինի ուշադրության կենտրոնում ոչ թե պրոբլեմների ու գողությունների հետ կապված, այլ այն արծարծվի հաջողությունների ու հաղթանակների համար: Հենց այս արդյունքն ենք մենք ցանկանում Մոսկվայի «Արարատին»: Ու այդ դեպքում մեզ` հայերիս հետ իրոք շատ զվարճալի կլինի:
Նշենք միայն, որ Մոսկվայի «Արարատը» Ռուսաստանի երկրորդ լիգայի կենտրոն գոտում շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Ռյազանի» հետ հանդիպումը վերջինը չդարձավ թիմի համար: Ճիշտ հակառակը` հաղթելով 1:0 հաշվով` «Արարատը» չորս միավորի առավելություն ունի մոտակա մրցակցի նկատմամբ: