ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. «Արարատ» ֆուտբոլային ակումբը բարեհաջող շարունակում է իր գործունեությունը, սակայն ակումբում փոփոխություններ կլինեն։ Այդ մասին հայտնել է Մոսկվայի «Արարատ» ակումբի նախկին նախագահ Վալերի Հովհաննիսյանը, տեղեկացնում է championat.com կայքը։
Հովհաննիսյանը հանդես է եկել ապագա թիմի վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ, որտեղ ներողություն է խնդրել նախկին արտահայտությունների համար, ինչպես նաև պատմել նախագծի ապագայի մասին։
«Ամեն ինչ լավ է «Արարատում», թիմը շարունակում է բարեհաջող գոյություն ունենալ, սակայն ակումբում փոփոխություններ տեղի կունենան։ Ես դուրս եմ գալիս հիմնադիրների կազմից, իմ փոխարեն «Արարատի» գլխավոր տնօրենն է լինելու Իգոր Կորոտկովը։ Կցանկանայի երկրպագուներին ասել, որ ամենաառաջին օրվանից մինչ այն պահը, երբ մենք երկրորդ լիգա մտանք, ակումբին օգնում էր Արամ Գաբրելյանովը։ Ես նրան վստահեցի ժողովրդական թիմ ստեղծելու գաղափարը, որի բաժնետոմսերը կգնեին ինչպես ունևորներն, այնպես էլ սովորական մարդիկ։ Այդ ամենն այսուհետև Կորոտկովի ենթակայության տակ կլինի»,– հայտարարել է Հովհաննիսյանը։
Մոսկվայի ակումբի նախկին նախագահը ներողություն է խնդրել նախկին հայտարարությունների համար։
«Կցանկանայի նաև ներողություն խնդրել Արամ Աշոտի Գաբրելյանովից, երկրպագուներից, ֆուտբոլիստներից և «Արարատի» ադմինիստրացիայից էմոցիաներիս համար։ Նրանք գիտեն, թե ինչ մարդ եմ ես։ Ես կարող եմ ավելորդ արտահայտություններ անել, բայց այդ ամենը նրա համար, որ ակումբի ճակատագրի նկատմամբ անտարբեր չեմ»,– հայտարարեց Հովհաննիսյանը։
Նա նաև նշեց, որ հաշվետվություն է տրամադրել բոլոր ֆինանսական հարցերի և բողոքների վերաբերյալ, որոնք նախկինում ներկայացնում էին նրան։
«Արարատ» ակումբի ստեղծման գաղափարը կար 2011 թվականից, սակայն այն կյանքի կոչել հաջողվեց միայն 2017 թվականի մարտի վերջին։ «Արարատի» կազմում հանդես են գալիս Ռոման Պավլյուչենկոն, Մարատ Իզմայլովը, Իգոր Լեբեդենկոն և այլ հայտնի ֆուտբոլիստներ։