ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Վրաստանում տեղի ունեցած վթարից տուժած 24-ամյա Ալինա Մինասյանի և 12-ամյա Անուշիկ Մալխասյանի վիճակն անփոփոխ է` ծայրահեղ ծանր, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասացին Մցխեթայի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից։
«Երեխայի և երիտասարդ կնոջ վիճակը բժիշկները ծայրահեղ ծանր են գնահատում։ Նրանք շարունակում են մնալ մասնագետների հսկողության տակ»,– ասացին մամուլի ծառայությունից։
Երրորդ տուժածի` 36-ամյա Ռոման Հայրապետյանի մասին տեղեկություն դեռ չկա, նա տվյալ բուժկենտրոնում չէ։
Հայաստանից Ռուսաստան մեկնող հայկական պետհամարանիշներով ավտոբուսի՝ Վրաստանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով 43-ամյա Լուսինե Մինասյանը, որը գտնվում էր Mercedes մակնիշի ավտոմեքենայի ղեկին, և 7-ամյա Մաքսիմ Մինասյանը տեղում զոհվել են։
Միջադեպը տեղի է ունեցել ժամը 03.39–ին Մցխեթա քաղաքի մերձակայքում։ Նախնական տվյալների համաձայն՝ բախվել են Mercedes մակնիշի մարդատար ավտոմեքենան և Երևանից Մոսկվա ընթացող ուղևորատար ավտոբուսը։
Ավտոբուսը գրանցված է եղել Երևանում բնակվող Գոռ Թադևոսյանի անունով։