ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik, Աննա Վարդանյան. Փառատոնային բումի հերթական անհավանական թվացող միտքը. այս անգամ արդեն մորուքի փառատոն: Փառատոնային այս նորամուծությունն արդեն եկող տարվանից Հայաստան կբերի ամենատարբեր մորուքներ ունեցող զբոսաշրջիկների, մերոնց էլ կստիպի աշխատացնել երևակայությունը:
Փառատոների ճոխությամբ Հայաստանը հետ չի մնում աշխարհի որևէ երկրից: Գինու, պանրի, կոնյակի, մեղրի, թթի, տոլմայի, ձմերուկի, գաթայի ու ամենահավանական և անհավանական թվացող փառատոները մեր երկիր են բերում հարյուրավոր զբոսաշրջիկների՝ յուրաքանչյուրն իր նախասիրությամբ: Փառատոն կազմակերպելը և անցկացնելը հեշտ գործ չէ, ոչ էլ փող լվալու տեղ, ասում է «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը:
«Պետությունը եթե չաջակցեր, այսօր մենք կլինեինք զրոյական կետում: Պետությունը տալիս է մեկ, մեկուկես մլն դրամ, մինչդեռ իրական գումարը, որը պետք է փառատոնի անցկացման համար, մոտ 18 մլն դրամ է: Անհրաժեշտ ծախսերի մնացած մասը հոգում են հովանավորները նաև ոչ գումարի տեսքով ՝ տրանսպորտ, հյուրանոց և այլն»,- ասում է նա:
Հնում մարդկությունը կրում էր Աստծու ստեղծած տղամարդու և կնոջ տարբերությունների արտաքին նշանները՝ կինը երկար մազեր էր պահում, տղամարդը` մորուք։ Կարճ մազերով կինը համարվում էր անբարոյական, իսկ սափրված տղամարդը՝ ամենամեծ վիրավորանքը ստացած անձ։
Քրիստոնեության կազմավորման տարիներից ի վեր եկեղեցին որդեգրեց մորուքավոր հոգևորականների կերպարը՝ նմանվելով Հիսուսին։ Այս սովորությունն առաքելական եկեղեցիներում մնում է մինչև այսօր:
Կաթոլիկները հրաժարվեցին մորուքից՝ ժողովրդից շատ չտարբերվելու համար: Մուսուլմաններն էլ մյուսներին չնմանվելու համար ընտրեցին իրենց յաթաղանի նման կեռ բեղեր։
Ինչ վերաբերում է ընթացիկ փառատոներին ու դրանց շրջանակում անցկացվող միջոցառումներին, ապա սեպտեմբերի 16–ին մայրաքաղաքում սպասվում է խելահեղ գիշեր՝ ողողված գինով ու հիասքանչ երաժշտությամբ: