ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Մոսկվայի «Արարատի» շուրջ վերջին օրերին տարբեր լրատվամիջոցների կողմից տարբեր տեղեկություններ են պտտվում: Հիմնականում միտքն այն է, որ նոր հիմնադրված թիմը դադարեցնելու է գործունությունը սեպտեմբերի 7-ին, «Ռյազանի» հետ խաղից հետո:
Իսկ մինչ այդ մեղադրանքներ հնչեցին ակումբի նախագահ Վալերի Հովհաննիսյանի հասցեին առն այն, որ նա ակումբից գողացել է 20 միլիոն ռուբլի: Մենք կապ հաստատեցինք Վալերի Հովհաննիսյանի հետ ու ստացանք որոշ պարզաբանումներ:
Ակումբի նախագահն առաջին հերթին նշեց. « Իմ վաղեմի երազանքն է եղել «Արարատ» ակումբի հիմնադրումը Մոսկվայում, ու ես հասա իմ նպատակին համախոհներիս օգնությամբ: Թիմը համալրվեց հայտնի ֆուտբոլիստներով ու շատ լավ մեկնարկեց Ռուսաստանի առաջնությունում: Ես, ինչպես որ եղել եմ ակումբի նախագահ, այդպես էլ շարունակում եմ այդ պաշտոնում մնալ»:
Կապված գողացված 20 միլիոն ռուբլու հետո Հովհաննիսյանը տվեց հետևյալ պարզաբանումը.
«Ինձ ակումբի հիմնադրումից հետո որոշ մարդիկ նուրբ ձևով հասկացնում էին, որ պետք է հեռանամ թիմից, բայց հասկացան, որ ես նման քայլի չեմ դիմի: Իսկ երբ առողջական խնդիրների պատճառով ես երկրից հեռացա, անմիջապես մեղադրանքներ հնչեցին: Ինչպես ես կարող եմ գողանալ ինքս ինձանից: Դեռ մի կողմ թողնենք գումարի չափը: Նման բան չկա ու չի էլ լինի:»
Երկու օր առաջ Մոսկվայի «Արարատի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հայտարարեց, որ ակումբի ղեկավարությունն իրեն տեղեկացրել է, որ թիմը սեպտեմբերի 7-ին «Ռյազանի» հետ խաղից հետո դադարեցնելու է իր գործունությունը: Այդ հարցին հնչեց Հովհանիսյանի հետևյալ պատասխանը.
«Դե, եթե նման տեղեկություններ արդեն տարածել են, պարզ է, որ ակումբում խնդիրներ են առաջացել: Բայց այժմ ես բանակցություններ եմ վարում ակումբի հովանավորների հետո ու հուսով եմ, որ «Արարատը» ոչ միայն կմնա առաջնությունում, այլ կշարունակի հաջող հանդես գալ, ինչպես մինչև օրս էր»: