ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. 2016 թվականի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն ըմբիշ Միհրան Հարությունյանը «սուտ ու սադրանք է» որակել ծեծի ենթարկելու մասին մեղադրանքները, որոնք նրան է ներկայացրել մոդել Նիկոլ Տենը։ Այս մասին գրում է Ռ-Սպորտը։
Ավելի վաղ НТВ հեռուստաընկերությունը հայտնել էր, որ մոսկվաբնակ մոդելն ըմբիշին մեղադրել է մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ։ Նիկոլ Տենը նշել է, որ Հարությունյանի հետ ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել, որոնք խզվել են այն ժամանակ, երբ մարզիկը հայտարարել է, որ պատրաստվում է ամուսնանալ ուրիշի հետ։ Ընդ որում` նա խնդրել է ջնջել իրենց միջև եղած անձնական նամակագրությունը։ Տենը հրաժարվել է, ինչից հետո, ըստ մոդելի, Միհրանը ծեծել է նրան։ Աղջիկը հայտնել է նաև, որ մարզիկից երեխայի է սպասում։ Նա նկարել է վնասվածքներն ու պատրաստվում է դատարան դիմել։
«Նա մեզանից գումար էր պահանջում։ Ինձ հետ կապ չի հաստատել, ես ինքս էլ շփվելու ցանկություն չունեի։ Ընկերներիցս էլ է գումարներ պահանջել ու մերժում ստացել։ Նա սպառնացել է խաղալ անվանս հետ։ Թող անի այն, ինչ որոշել է, տեսնենք, թե ինչի կհասնի։ Ես չեմ պատրաստվում խառնվել այդ ամենին, որովհետև դա սուտ է», — ավելացրել է մարզիկը։
Գործակալության զրուցակիցը խոստովանել է, որ չի հասկանում, ինչու են «բոլորն այդ մասին գրում` առանց որևէ ապացույցներ ունենալու»։
«Ես պարզապես չեմ ցանկանում միջամտել այդ ամենին, ես ամուսնացել եմ, ապրում եմ իմ կյանքով։ Կատարյալ հիմարություն է։ Պարզ է, որ մարդն ուզում է գումար աշխատել և իրեն գովազդել», — պարզաբանել է Հարությունյանը։
Հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը օգոստոսի 30-ին ամուսնացել է աբխազ երգչուհի և պարուհի Բեբիա Մակտինայի հետ։ Ավելի վաղ սոցցանցերում հայտնվել էին նրանց հարսանիքի առաջին կադրերը։