ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Հայտնի է «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանի մահվան գործով մեղադրյալի նկատմամբ նշանակված դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննության եզրակացությունը: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Համաձայն ստացված եզրակացության՝ հոգեբանի մահվան գործով մեղադրյալ Հ. Համբարձումյանը տառապում է շիզոֆրենիա, պարանոիդ ձև ցնորազառանցական համախտանիշ հոգեկան հիվանդությամբ: Հիշյալ եզրակացությունը ստացվել է սեպտեմբերի 1-ին, ինչից հետո քննիչը որոշում է կայացրել դիմել դատարան՝ գործով մեղադրյալի նկատմամբ բժշկական հարկադրանքի միջոցներ կիրառելու նպատակով:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ` Համբարձումյանը ճանաչվել է անմեղսունակ եւ ուղարկվել հարկադիր բուժման։
Հիշեցնենք, որ 2017 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել առ այն, որ «դեմքի կտրված վերք, բազմաթիվ կտրված վերքեր, արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, հոգեբանական կենտրոնի հոգեբան Ռուբեն Պողոսյանը՝ ծնված 1947թ.:
Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ պրոֆեսորին իր աշխատասենյակում ծանր մարմնական վնասվածք է պատճառել հոգեբանական կենտրոնի այցելու` 1983թ. ծնված Հ. Համբարձումյանը: