ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մերձակայքում բռնկած հրդեհի տարածքում ամբողջ գիշեր տարվել են հրդեհաշիջման աշխատանքներ, որոնցում ներգրավվել է 154 հրշեջ-փրկարար:
Ժամը 06:20-ին ՀՀ ՊՆ ուղղաթիռով իրականացվել է օդային հետախուզություն, որի արդյունքում ճշտվել են հրդեհի օջախների վայրերը և դրանց զարգացման ուղիները:
Ուղղաթիռի օգնությամբ առավել վտանգավոր տեղամասեր են իջեցվել փրկարար-դեսանտայիններ, որոնց առջև խնդիր է դրված տեղայնացնել և մարել հրդեհի օջախները: Տարածքում առկա են գրունտային ճանապարհներ և անցուղիներ, որոնք նպաստում են հրդեհաշիջման աշխատանքներին: Հարակից բնակավայրերին վտանգ չի սպառնում:
Նախօրեին ժամը 23:00-ին դեպքի վայրում է եղել ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:
ԱԻՆ-ի հրապարակած հաղորդագրության մեջ նշված է, որ հարակից բնակավայրերին վտանգ չի սպառնում:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են հրշեջ-փրկարարները, ՀՀ ՊՆ զինծառայողները, անտառտնտեսության, ոստիկանության, քաղաքապետարանի աշխատակիցներն ու Բյուրական և Օրգով գյուղերից բնակիչները: