ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Հայ փորձագետները համարում են, որ կովկասագետ Օլեգ Կուզնեցովի «ХХ դարի հայկական անդրազգային ահաբեկչության պատմությունը. պատմաքրեագիտական ուսումնասիրություններ» գիրքը լուրջ փորձաքննության կարիք ունի, և այդ ուղղությամբ աշխատանքներ արդեն իսկ տարվում են։ Գիրքը բողոքի ալիք է բարձրացրել ոչ միայն հասարակության, այլև փորձագետների շրջանում։
Հեղինակը մտորում է «հայկական ահաբեկչության» և Հայ Առաքելական եկեղեցու հովանու ներքո գործող աղանդավորական կազմակերպությունների մասին։ Ի՞նչ է թաքնված այս ամենի հետևում և ո՞ւմ պատվերն է կատարում «պատմաբանը»։

Հայ-ռուսական «ԱՐՄՌՈՍ» իրավաբանական ասոցիացիայի նախագահ, փաստաբան Ռուբեն Կիրակոսյանը դիմել է Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին, որն անձամբ է վերահսկում այս գործը։ Տեքստի հոգելեզվաբանական փորձաքննություն է նշանակվել, որի եզրակացությունը պատրաստ կլինի սեպտեմբերին։
«Հեղինակը հայերին անվանում է ահաբեկիչներ, ազգայնամոլներ, ազգ, որը չի կարողանում որևէ մեկի հետ հաշտ ապրել», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Կիրակոսյանը։
Կուզնեցովը վիրավորում է նաև խոշոր բիզնեսի հայ ներկայացուցիչներին (օրինակ` «Տաշիր» ընկերությունների խմբին)` պնդելով, որ Ռուսաստանում նրանց ծավալած գործունեությունը կատարյալ քրեական հանցանք է։ Ըստ նրա` աշխարհի տարբեր երկրներում գտնվող հայկական համայնքներն ու եկեղեցիները հանցագործ կլաններ են։
Կիրակոսյանը չգիտի, թե ում պատվերն է սա և ինչ միջոցներով է հրատարակվել գիրքը։ Սակայն գրախոսների ազգանուններից դատելով` ակնհայտ ադրբեջանական հետք է նշմարում։
Գիրքը լույս է տեսել 1000 օրինակով։ Այն տարածում են փակ միջոցառումների ժամանակ, սակայն առանց դժվարությունների կարելի է ներբեռնել հեղինակի կայքում։
Գրքի առաջին տարբերակը հրատարակվել է 2014 թվականին, երկրորդ, ավելի սուր տարբերակը` 2016 թվականին։ Գիրքը հակահայկական բնույթ է կրում, և ռուսական օրենսդրությունը պետք է այդ « գիտական աշխատությանը» համապատասխան գնահատական տա, համոզված է Կիրակոսյանը, որն ավելի քան մեկ տարի է` ասոցիացիայի իր գործընկերների հետ ուսումնասիրում է գիրքը։
Առաջին փորձաքննությունը հայերի խմբի խնդրանքով անցկացվել է 2015 թվականին։ Փորձաքննություն անցկացնող հաստատությունը հայերին վիրավորող ոչինչ չի գտել գրքում։ Հաջորդ փորձաքննությունը կրկին նույն հաստատությունում է անցկացվել։
«Մեզ զարմացրեց, որ քննիչը փորձագիտական այլ հաստատություն չգտավ։ Մենք ուզում էինք, որ տեքստն ուսումնասիրվեր Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում, բայց մեզ մերժեցին», — ասաց Կիրակոսյանը։
Անկախ ամեն ինչից Կիրակոսյանն իր թիմի հետ հույս ունի, որ գործը դրական հանգուցալուծում կունենա։