ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Դանիայի մշակույթի և եկեղեցական հարցերով նախարար Մեթե Բոկը և նրա գլխավորած պատվիրակության անդամներն այսօր այցելել են «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան և հիացել 7-րդ դարի ճարտարապետական կառույցի շքեղությամբ:
«Շնորհակալություն, որ հնարավորություն ընձեռեցիք այցելելու այս հրաշալի թանգարանը: Մենք շատ բան իմացանք ձեր ժողովրդի պատմության մասին»,- արգելոց-թանգարանի տպավորությունների գրքում գրել է Դանիայի մշակույթի նախարարը։
Բոկը հետաքրքրությամբ դիտել է նաև արգելոց-թանգարանի մշտական ցուցադրությունը:
«Զվարթնոց» արգելոց-թանգարանի ցուցասրահում օտարերկրացի հյուրերին անակնկալ էր սպասվում: Հոգևոր ու ավանդական երգերի հրաշալի կատարումներով ելույթ է ունեցել «Զվարթնոց» կվարտետը:
Հայկական հոգևոր երաժշտությունը անտարբեր չի թողել դանիացի հյուրերին: Բոկեն հընթացս միացել է կատարումներից մեկի կրկներգին, ապա երախտագիություն է հայտնել «Զվարթնոց» կվարտետի գեղարվեստական ղեկավար Տիգրան Կոնինյանին` գեղեցիկ երգերի համար:
«Ձեր երաժշտության միջոցով մեզ մոտեցրիք հայկական մշակույթին ու ավանդույթներին, ինձ շատ դուր եկան ձեր կատարումները», —ասել է նա:
Պատվիրակությունը վաղը կլինի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում:
Դանիացի հյուրերին «Զվարթնոցում» ուղեկցել են ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը: