ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Տավուշի մարզում ԵԱՀԿ առաքելության ուղղությամբ ադրբեջանցիների արձակած կրակոցները հարված էին ԵԱՀԿ-ի հեղինակությանը, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։
«Սրանք կրակոցներ էին ԵԱՀԿ-ի վրա: Սա կառույցը հեղինակազրկելու հերթական փորձ էր: Բանակցային գործընթացը մտել է փակուղի, Ադրբեջանը դե ֆակտո համաձայնություն չի տալիս հայտնի դրույթներին: Դա երկակիության հետևանք է՝ հասարակությանը կերակրել այլ հայտարարություններով, դրսում անել այլ հայտարարություններ»,- ասաց Աշոտյանը։
Նրա խոսքով` միջազգային կառույցները` ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն, այսօր զբաղված են իրենց կորցրած ազդեցությունը վերականգնելու գործով և հաճախ չեն հասցնում արագ արձագանքել նման միջադեպերին։
Բացի այդ, ԵԱՀԿ-ն հաճախ խուսափում է հակադրվել Ադրբեջանին, որպեսզի ԵԱՀԿ-ի գոյությունը կասկածի տակ դնելու ևս մեկ առիթ չտա նրան։