ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբեր — Sputnik. «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մանկահասակ երեխաների ծնողներն ահազանգում են, որ Երևանի մանկապարտեզներում ընդունելությունը դադարեցվել է: Նախակրթարաններից զանգահարում են իրենց եւ տեղեկացնում, որ փոքրիկներին չեն կարողանա ընդունել: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանին խնդրեցինք մեկնաբանել ստեղծված իրավիճակը:
Ընդունելության դադարեցում չկա: Նման հանձնարական չի եղել: Ընդամենը խոսքը վերաբերում է մանկապարտեզ գնալու հասակից փոքր երեխաներին չհերթագրելուն: Ինչ անհրաժեշտություն կա, ասենք, մեկ-երկու ամսական երեխային հերթագրելու` ըստ էության ավելորդ ուռճացնելով այդ ցուցակները: Ի վերջո, եթե հերթագրում են, դա հաշվարկի ժամանակ թիվ է կազմում: Պետք է հերթագրել տարիքը լրացած երեխաներին, այսինքն` 3-6 տարեկաններին, իսկ մսուր ունեցող մանկապարտեզների դեպքում` 2-6 տարեկաններին»,–ասել է Գևորգյանը:
Թերթի հարցին` բայց եթե երեխան մանկապարտեզ հաճախելու տարիքի դառնա և ունենա հերթագրվելու անհրաժեշտություն, նշանակում է` նա անմիջապես չի ընդունվելու ու զրկվելու է նախնական կրթություն ստանալու հնարավորությունից, այնինչ մեկ-երկու տարի առաջ հերթագրված լինելու դեպքում ժամանակին կկարողանար մանկապարտեզ ընդունվել:
Ոչ, ոչ, կրկին անգամ ոչ: Հստակ դրվել է խնդիր` անել հնարավորը, որպեսզի երբ երեխան հասնի մանկապարտեզ հաճախելու տարիքին, լիարժեք կարողանա օգտվել իր այդ իրավունքից»,–ասել է Գևորգյանը:

