Հիվանդանոցը կապ չունի տեղի ունեցածի հետ, պատասխանատուն շինարարական ընկերությունն է, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Շենգավիթ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Սերգեյ Ուռումյանը` մեկնաբանելով այսօր առավոտյան տեղի ունեցած դեպքը։
«Շինսանդուղքը պոկվել է նոր կառուցող մասնաշենքի տարածքում։ Այնտեղ հիվանդ չի եղել և բժշկական սպասարկում չի իրականացվել»,- ասաց Ուռումյանը։
Նշենք, որ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 31-ին, ժամը 10:29-ին ահազանգ էր ստացել, որ Երևան քաղաքի Շենգավիթ ԲԿ-ում շինարարական աշխատանքներ իրականացնելիս պոկվել է ալյումինե շինսանդուղքը, 3 աշխատակից մնացել է օդում կախված, կա ընկնելու վտանգ։
Դեպքի վայր էր մեկնել երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Պարզվել էր, որ Շենգավիթի ծննդատան մոտ շինարարական աշխատանքներ է իրականացնում «Լաբա» ՍՊԸ-ն: Աշխատանքների ժամանակ մոտ 21 մ բարձրությունից ալյումինե շինսանդուղքը պոկվել է, ինչի հետևանքով 5 աշխատակից մնացել է օդում կախված:
Աշխատակիցներից մեկը՝ 1984 թ. ծնված Լ. Պ.-ն, ինքնուրույն իջել է, իսկ մյուս 4-ին փրկարարները պարանով ամրակապել են և ժամը 11:05-ի դրությամբ անվնաս իջեցրել: Ինչպես հայտնում է Sputnik Արմենիայի զրուցակիցը դեպքի վայրից, նրանցից մեկը եղել է Բագրատ Ղազարյանը։
Նշենք, որ դեպքի վայրում աշխատել են նաև հոգեբանները։