ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. ՌԴ Չելյաբինսկի մարզի Մագնիտոգորսկ քաղաքում երեկ երեկոյան տեղի ունեցել է դաժան սպանություն: Ռուսաստանցի հայ գործարարի վրա ավելի քան 10 կրակոց է արձակվել։ Այս մասին հայտնում է ՌԴ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունը։
Սպանված Կամո Հարությունյանը Ռուսաստանի հայ համայնքի կարկառուն ներկայացուցիչներից է։
Նրանց տվյալներով`«Ստրոիտելի» փողոցի տներից մեկի մոտ երեկ` օգոստոսի 29–ին, ժամը 22։10 շրջակայքում է տեղի ունեցել 36-ամյա գործարարի սպանությունը։
Հարուցվել է քրեական գործ` ՌԴ Քրեական օրենսգրքի 1–ին հոդվածի, 105 կետի հատկանիշներով։
Հայտարարության մեջ նշված է, որ կասկածյալի ինքնությունը դեռ պարզ չէ, իրականացվում է հետախուզում:
Ըստ ԶԼՄ–ների հրապարակումների` օգոստոսի 29-ին ուշ երեկոյան ձեռնարկատեր Կամո Հարությունյանը մոտեցել է իր տանը:
Ականատեսների խոսքով` տուն մտնելու պահին նրան անհայտ անձ է մոտեցել: Տղամարդկանց միջև բարձր տոնով կարճատև զրույց է տեղի ունեցել: Այնուհետև անհայտ անձը հանել է ատրճանակը և կրակ բացել՝ արձակելով առնվազն 10 փամփուշտ։
Ստացած վնասվածքներից Հարությունյանը տեղում մահացել է, իսկ անհայտ անձը հեռացել դեպքի վայրից:
Նախնական վարկածի համաձայն՝ սպանության պատճառը եղել է բիզնեսի պատճառով առաջացած կոնֆլիկտը:
Կամո Հարությունյանը Մագնիտոգորսկի հայկական համայնքի ղեկավարներից մեկն է: