ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզերն իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հետ մենամարտից առաջ վստահ է եղել, որ հաղթելու է։ Օգոստոսի 27-ին Լաս Վեգասի «T-Mobile Arena»-ում կայացած Ֆլոյդ Մեյվեզեր-Քոնոր Մաքգրեգոր մենամարտից հետո, որում Մեյվեզերը հաղթանակ է տարել, պարզ է դարձել, որ ամերիկացի բռնցքամարտիկը մենամարտից առաջ փորձել է խաղադրույք կատարել իր հաղթանակի վրա: Այս մասին գրում է The Mirror պարբերականը:
Մենամարտից առաջ Մեյվեզերը որոշել է 400 հազար դոլար խաղադրույք կատարել իր հաղթանակի վրա` նշելով, որ հաղթելու է իններորդ ռաունդի առաջին մեկուկես րոպեներից հետո: Բայց բուքմեյքերները թույլ չեն տվել կատարել խաղադրույքը:
ԱՄՆ-ի Նևադա նահանգում որևիցե օրենք չկա, որում նշված լինի` մարզիկն իրավունք ունի՞, թե՞ չունի իր անձի վրա խաղադրույք կատարելու: Բուքմեյքերական ընկերության աշխատակիցները փորձել են ևս մեկ անգամ ճշտել այդ հարցը:
Ըստ պարբերականի` Ֆլոյդը նույնիսկ որոշել է փոխել իր խաղադրույքը և դնել տասներորդ ռաունդում իր հաղթանակի վրա: Բայց մինչ աշխատողները փորձել են ճշտել օրենքը, ամերիկացին հոգնել է սպասելուց ու հեռացել է առանց խաղադրույք կատարելու:
Նշենք, որ «դարի մենամարտ» անվանված Մեյվեզեր-Մաքգրեգոր մենամարտում Մեյվեզերն իր մրցակցի նկատմամբ տեխնիկական նոկաուտով հաղթելուց հետո ստանալու է 100 միլիոն դոլար երաշխավորված գումար: Բացի այս ահռելի գումարից, Մեյվեզերը ստանալու է նաև տարբեր բոնուսներ վաճառված տոմսերի ու հեռարձակման իրավունքի վաճառքից: